Պարզվել է Նոր Արեշում սպանություն կատարողի ինքնությունը (տեսանյութ)
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Էրեբունու բաժնի և Էրեբունու քննչական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ նախօրեին պարզվել է, որ սեպտեմբերի 18-ին Նոր Արեշում հանցագործությունը կատարել է 1976 թ. ծնված Համլետ Քոսյանը՝ իր անվամբ հաշվառված «Սայգա 410» տիպի մեկփողանի ողորկափող որսորդական հրացանով: Ձեռնարկվում են միջոցառումներ Համլետ Քոսյանին և հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին, ժամը 15.10-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առաջնային պատի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1981 թ. ծնված Արսեն Մկոյանը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 14.45-ին, Նոր Արեշի 9-րդ և 42-րդ փողոցների խաչմերուկում անհայտ անձը հրազենով կրակոցներ էր արձակել Ա. Մկոյանի ուղղությամբ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր «410» գրառմամբ 8 կրակված պարկուճ: Ժամը 18.10-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ Ա. Մկոյանը գիտակցության չգալով մահացել է: