«Առանց տատանվելու և միասնաբար մոտենանք քվեատուփերին և ասենք` Այո». ՀՀ-ն 23 տարեկան է
1991 թվական, սեպտեմբերի 21. «Ոչ մի կասկած չունեմ, որ սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը կարտահայտի իր վաղուց հասունացած կարծիքն ու վճռականությունը` ասելով Այո: Երևի պատմության ընթացքում ոչ մի այլ խնդրի նկատմամբ մեր ժողովուրդն այդ չափով միասնական ու միաձուլ չի եղել տրամադրված: Բոլորս գիտենք, որ անկախ կյանքի ճանապարհին կարող են լինել դժվարություններ: Բայց համոզված եմ, որ մեր միասնականության ուժով դրանք կհաղթահարվեն: Առանց տատանվելու և միասնաբար մոտենանք քվեատուփերին և ասենք` Այո: Ցանկանում եմ մեր ժողովրդին միասնություն, միասնություն և վերստին` միասնություն»: Սրանք ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի խոսքերն են:
1991-ին Հայաստանի տարածքում անց կացվեց հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։
Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը «այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։
Այսօր Հայաստանի անկախ պետությունը տոնում է իր 23-րդ տարեդարձը:
Խորհրդարանի որոշմամբ սեպտեմբերի 21-ին Հայաստանում հանրաքվեն անց կացվեց Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից ելնելով:
ՀՀ Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը ՀՌՉԱԿՈՒՄ է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում