Գարեգին Երկրորդ. Այսօր նվիրական օր է
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության տոնի առիթով:
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում մեր ժողովրդին` ի Հայրենիս և ի Սփյուռս Անկախության տոնի առիթով: Այսօր նվիրական օր է, մեր պետականության արժևորման օր, մեր ձեռքբերումների գնահատման, մեր լուսավոր ձգտումների, ապագայի հեռանկարների հաստատման օր: Անկախ պետականությունը ազգերին և ժողովուրդներին հնարավորություն է ընձեռում ապրելու իրենց արժեքներով, կերտելու իրենց իդեալները, ազատորեն դրսևորելու իրենց հոգևոր ներուժն ու կարողությունները: Զորացնենք մեր հոգիներում այս գիտակցությունն ու համոզումը և դարձնենք ուժ մեր Հայրենիքի շուրջ համախմբված մնալու, ներկա դժվարությունները հաղթահարելու և մեր երկիրը շենացնելու համար, նաև ամրագրելու այն քրիստոնեական արժեքներն ու սկզբունքները, որոնցով ապրել ենք և ուզում ենք ապրել իբրև ազգ և հասարակություն:
Աղոթք ենք բարձրացնում առ Աստված, որ օրհնի մեր Հայրենիքը, ամրացնի մեր պետականությունը, խաղաղ ու ապահով պահպանի մեր ժողովրդին ի սփյուռս աշխարհի: Առ Աստված ապավինությամբ, մեր ջերմ սիրով և ամուր հավատքով կառուցենք մեր նոր կյանքը ազատ մեր Հայրենիքի հովանու ներքո»,- ասված է Գարեգին Բ-ի ուղերձում:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատավական համակարգից