Արտասահմանցի գործարարները ցանկություն ունեն Հայաստանում արտադրություն հիմնել. Հայկ Միրզոյան
«Երկրները մեկ հարկի տակ» միջազգային փառատոնի շրջանակներում Երևանում այսօր տեղի ունեցավ գործարար համաժողով, որի շրջանակներում ներկայացվեց Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրը, ինչպես նաև համագործակցության հնարավորությունները: Նշենք, որ համաժողովին մասնակցում էին երեք տասնյակից ավելի երկրների, այդ թվում` Մեծ Բրիտանիայի, Բրազիլիայի, Ռումինիայի, Ֆրանսիայի, Ուկրաինիայի, Ռուսաստանի Դաշնության ավելի քան 90 ընկերություն:
Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանի խոսքերով` գործարար համաժողովը կնպաստի տարբեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը, ինչպես նաև հնարավորություն կընձեռի հայ գործարարներին ներկայացնելու իրենց գործարար առաջարկները:
«Համաժողովի անցկացումը տնտեսության զարգացման համար կարևոր նշանակություն ունի, քանի որ այն հնարավորություն է տալիս ծանոթանալու տարբեր երկրների առևտրատնտեսական ոլորտում ձեռքբերումներին»,- ասաց Հայկ Միրզոյանը:
Հիմնադրամի տնօրենը հույս հայտնեց, որ գործարար համաժողովի ընթացքում հիմքեր կդրվեն համատեղ նոր ծրագրերի իրականացման համար: Ըստ Հ.Միրզոյանի` Հայաստան ժամանած գործարարներից մի քանիսն արդեն ցանկություն են հայտնել ներդրումային ծրագրեր իրականացնել մեր երկրում: Մասնավորապես, Ռումինիայից ժամանած գործարարներից մեկը մտադիր է Հայաստանում զբաղվել մսամթերքի արտադրությամբ, և օգտագործել Հայաստանը` որպես հարթակ այլ երկրների շուկա մուտք գործելու համար: Խոսքը վերաբերում է ԵՏՄ երկրներին:
«Արտասահմանցի գործարարների հետ հանդիպումները մեկ անգամ ևս փաստում են, որ նրանք մեծ ցանկություն ունեն Հայաստանում արտադրություն հիմնել»,- ընդգծեց Հ.Միրզոյանը: