Բ. Նավասարդյան. Եթե ՀՀ-ի անդամակցությունը ԵՏՄ-ին չկայանա, Հայաստանի պատճառով չի լինի
«Ռուսաստանի նկատմամբ շարունակվում են պատժամիջոցները: Նման իրավիճակում, երբ որ պետությունները մտածում են ինչպես ցույց տալ իրենց ինքնուրույնությունը ու Ռուսաստանից տարանջատվել, Հայաստանը գնում է Եվրասիական տնտեսական միության անդամակցության պայմանագրի ստորագրման՝ առանց վերապահումներով»: Երևանի մամուլի ակումբի կազմակերպած «Եվրասիական տնտեսական միություն. ինչ կստանա և ինչ կկորցնի Հայաստանը» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը:
Ըստ նրա, նույնիսկ ԵՏՄ անդամ Ղազախստանի նախագահի հայտարարությունը, թե հնարավոր է հրաժարվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից, նույնպես կապված են ՌԴ-ի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների հետ:
Փորձագետի դիտարկմամբ, Ղազախստանի նախագահը հնարավոր է համարում, որ ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցները կարող են ուղղակի կամ անուղղակի ազդել նաև իր երկրի վրա:
Հ. Իգիթյանը հարց հնչեցրեց, թե ԵՏՄ-ին անդամակցելու` ՀՀ-ի որոշումն արդյո՞ք ղարաբաղյան հակամարտության անվտանգության հարցը լուծում է, թե այն տեղափոխում է այլ ոլորտ ու դարձնում ՌԴ հարց: Նա օրինակ բերեց Սոչիում օգոստոսի սկզբին կայացած ՀՀ-ի, ՌԴ-ի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը:
Կլոր սեղանը վարող Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն էլ ասաց, որ եթե հոկտեմբերի 9-10-ին ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցությունը չկայանա, ապա դա Հայաստանի պատճառով չի լինի: Նա նշեց, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրն այն տեսքով, ինչ կա: