«OneMinute» ֆիլմեր` նաև հաշմանդամություն ունեցող երեխաների կողմից
Դիլիջանի «Թումո» կենտրոնում նախօրեին մեկնարկեց մի հետաքրքիր նախագիծ, որը առաջիկա հինգ օրերի ընթացքում մեկ հարկի տակ է հավաքելու դիլիջանցի 22 երեխաների` այդ թվում և հաշմանդամություն ունեցող:
Սեմինարը, որն իրականացվում է UNICEF-ի` «Կարող ենք միասին» արշավի շրջանակներում և համախմբել է երեխաներին, անցկացվել է նաև աշխարհի տարբեր երկրներում և ինչպես Panorama.am-ի հետ զրույցում նշեց UNICEF-ի հաղորդակցման ծրագրերի օգնական Հասմիկ Առաքելյանը` այն նպատակ ունի ներգրավել հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների մեկ նախագծում, որպեսզի նրանք համատեղ մշակեն և պատրաստեն մեկ րոպեանոց տեսաֆիլմեր:
«Իմաստ այն է, որ հենց երեխաների գաղափարներից բխի ֆիլմի սցենարը. առաջիկա հինգ օրերին նրանք աշխատելու են Դիլիջանի «Թումո» կենտրոնում և հանդես են գալու գաղափարներով, մեր խորհրդատուները օգնելու են տեխնիկական և այլ հարցերով և արդեն ուրբաթ օրը մենք ականատեսը կլինենք երեխաների գաղափարներին` ներկայացված մեկ րոպեանոց ֆիլմերում»,- տեղեկացրեց նա:
Նաև ավելացրեց, սցենարում երեխաներն ազատ են արտահայտել իրենց գաղափարները, բայց թերևս հաշմանդամություն ունեցող երեխաների մեկ րոպեանոց ֆիլմերը շատ ասելիք ունենան` ներկայացնելով հենց նրանց խնդիրներն ու հույզերը:
Հ. Առաքելյանը նշեց, բացի հետաքրքրությունից, որ ամեն երեխա իր համար կգտնի այս նախագծում, նաև կարևոր է մեկ այլ իմաստով` սա փայլուն հնարավորություն է ինտեգրել հաշմանդամություն ունեցող երեխաներին հասարակությանը և հնարավորություն տալ նրանց չվախենալ կիսվել հասակակիցների հետ սեփական գաղափարներով, երազանքներով ու ակնկալիքներով:
Ի դեպ, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ սեմինարը միայն ֆիլմեր պատրաստելով չի սահմանափակվելու և իրականում ավելի հեռահար նպատակներ է հետապնդում. «Այն նպատակ ունի նաև այս երեխաների ֆիլմերը ներկայացնել միջազգային հարթակում, մասնավորապես` մեկ րոպեանոց ֆիլմերի միջազգային փառատոնում, որն անցկացվում է ամեն տարի Ամստերդամում: Այնպես, որ սեմինարին մասնակցող երեխաները հնարավորություն ունեն հետագայում իրենց մասնագիտությունն ընտրել հենց այս ոլորտում»:
Դիլիջանի «Թումո»-ի աշխատակազմի համակարգող Տաթև Մանտոյանն էլ ասաց, որ իրենց կենտրոնը առաջին անգամ է , որ նման միջոցառման անցկացման համար հարթակ է տրամադրում և այդ իմաստով իրենց համար շատ մեծ կարևորություն է ներկայացնում: Կենտրոնն ունի բոլոր հարմարությունները, որպեսզի միջոցառումներից դուրս էլ դրա ծառայություններից օգտվեն հաշմանդամություն ունեցող երեխաները` և թեքահարթակներ, և հարմար վերելակներ և այլն. «Մենք ստեղծել ենք բոլոր պայմանները, որպեսզի երեխաները առանց խնդիրների կարողանան օգտվել մեր կենտրոնից»:
Անդրադառնալով անցկացվող սեմինարին Տ.Մանտոյանը նշեց, որ այն շատ կարևոր է, քանի որ հնարավորություն է տալիս տարեկից երեխաներին շփվել միմյանց հետ: Գուցե այդ երեխաները խնդիրներ ունեն շփման իմաստով դրսում, բայց նման միջոցառումը առկա արգելքները վերացնում է:
Panorama.am-ի զրուցակցի կարծիքով` սա մի փուլ է, որ կհաղթահարեն սեմինարին մասնակից երեխաները և առկա կարծրատիպերը գոնե նրանց գիտակցության մեջ անշուշտ կկոտրվեն. «Երեխաները հասկանում են, որ հաշմանդամություն ունեցող իրենց հասակակիցները ևս հավասար իրավունքներ ու հավասար հնարավորություններ ունեցող մարդիկ են, փոխվում է մտածելակերպը: Քայլ առ քայլ, բայց փոխվում է»:
Ինչ վերաբերում է երեխաներին, ապա սեմինարի առաջին օրը վերջիններիս ցուցադրվեցին մեկ րոպեանոց ֆիլմեր, որից հետո նրանք խորհրդատուներին պատմեցին, թե ինչ են հասկացել այդ ֆիլմերից և կամ ինչ ուներ հաղորդելու այս կամ այն սյուժեն: Ամենից շատ երեխաները տպավորված էին ընտանեկան բռնության մասին պատմող ֆիլմից, իսկ 8-րդ դասարանցի Ասյան, որ տեսախցիկը ձեռքից բաց չէր թողնում, ասաց, որ իր վրա ամենից շատ ազդեց այն պահը, երբ հայրը, օղու շիշը ձեռքին, ծեծում է մորը հենց երեխայի աչքի առաջ:
«Ես երևի ընտանիքից կնկարեմ ֆիլմ»,- կիսվեց իր ծրագրերի մասին Ասյան և հաշվի առնելով այն հանգամանքը, թե որքան արագ այս աղջնակը ըմբռնեց տեսախցիկից օգտվելու հմտությունը` դա նրան կհաջողվի:
Նշենք, որ նախաձեռնությունը UNICEF-ի տարածաշրջանային գրասենյակինն է: Սեմինարին մասնակցում են 10 երեխաներ «Թումո»-ից և 12 հաշմանդամություն ունեցող երեխա Դիլիջանի «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում