Հայկական բանակն իրական ուժ է իրենից ներկայացնում... Շվիդկոյ
Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մատակարարվող զենքը անհանգստացնող է, իսկ բացի այդ, նման գործարքները բացասաբար են անդրադառնում անվտանգության ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների վրա: Ավելին` Ադրբեջանին սպառազինելը այնքան էլ չի համապատասխանում հայ-ռուսական ռազմավարական գործընկերության էությանը: Այս մտահոգությունը նախօրեին Ազգային Ժողովում բարձրաձայնել են հայ պատգամավորները` հայ-ռուսական խորհրդարանական ակումբի հերթական նիստի շրջանակում հյուրընկալելով ՌԴ նախագահի միջազգային և մշակութային համագործակցության գծով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:
Սակայն այս հարցի շրջանակում ռուս պաշտոնյան տվել է խուսափողական պատասխան. «Իմ իրավասությունը չէ քննարկել նման խնդիրներ: Բայց որքանով ես եմ տեղյակ` ոչ պակաս ռազմատեխնիկական համագործակցություն գոյություն ունի նաև պաշտոնական Երևանի ու Մոսկվայի միջև»:
Նաև ավելացրել, որ քաջառեղյակ է` հայկական բանակը իրական ուժ է իրենից ներկայացնում, և դրանում, անշուշտ, պակաս դերակատարում չունի հենց ռուսական սպառազինումը:
«Ռուսաստանը Հայաստանին դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր և դա հայտնի է: Սրանով են պայմանավորված ոչ միայն ռազմատեխնիկական, այլև մի շարք էներգետիկ, տնտեսական ու այլ նախագծեր, որոնց շրջանակում ձեր երկիրը ստանում է հումքային օգուտ և վճարում շատ ավելի քիչ, քան ցանկացած այլ գործընկեր: Սա է ռազմավարական գործընկերությունը և արևտյան դրամաշնորհներն ու ռուսասկան օգնությունը ուղղակի այս իմաստով համադրելի չեն»,- ասել է նա` հավելելով, որ սրա մասին, սակայն, քչերն են մտածում:
Հարակից հրապարակում`
Մ. Շվիդկոյ. Լևոն Հայրապետյանի գործը պետք չէ դիտարկել իր ազգային պատկանելիության պրիզմայով