Սա քաղաքական կարևոր ժամանակահատված է, երբ Հայաստանը պետք է կողմնորոշվի. Կովալենկո
Նման փոքր պետությունների համար, ինչպիսին Հայաստանն է, ինտեգրումը ենթադրում է զարգացում: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու ճանապարհը Հայաստանը մեծ մասամբ անցել է և ես վստահ եմ, որ գործընթացը ավարտին բարեհաջող կհասցվի: Այս մասին Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:
Պաշտոնյայի խոսքով, ՌԴ-ում ապրում է ավելի քան 2 մլն հայ, շուրջ 800 հազար աշխատանքային հայ միգրանտ կա և շատ կարևոր է, որպեսզի այդ հայերը, որոնք ապրում են ՌԴ-ում` մշտական, թե ժամանակավոր, ռուսաստանցիների հետ մեկ ուղղությամբ նայեն ու տեսնեն ընդհանուր հեռանկար:
«Պատմական ժամանակահատված է հիմա և Հայաստանը պետք է իր որոշումը կատարի: Սա նաև քաղաքական ու հումանիտար կարևոր ժամանակահատված է, երբ Հայաստանը պետք է կողմնորոշվի»,- շեշտեց նա:
Մոսկվայի տաղավարի հաջորդ հյուրը` քաղաքագետ Անդրեյ Արեշևն էլ հայտարարեց, որ սեպտեմբերի երեքից հետո անցած մեկ տարին բավականին բարդ ժամանակահատված էր, երբ առաջ եկան թե քաղաքական, թե տեխնիկական մի շարք հարցեր: Բայց և վստահություն հայտնեց, որ հունվարի մեկին ամեն բան ավարտուն տեսք կունենա: