Կ. Պապուլիաս. Հունաստանը հաստատակամորեն սատարում է ԵՄ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունների զարգացմանը
«Մշակութային մերձավորությունը և ամուր պատմական բարեկամական կապերը միավորում են հույներին և հայերին: Դարերի ընթացքում անցնելով փորձությունների միջով՝ այդ կապերն ամրապնդվել են, ինչն էլ երկու ժողովուրդների մտերմության հիմքն է դարձել»,- ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասի այսօր երեկոյան տրված պետական ընթրիքի ժամանակ իր բաժակաճառերում ասել է Հունաստանի նախագահը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
Իր խոսքում Նախագահ Պապուլիասն անդրադարձել է Պոնթոսի հույների տառապալից անցյալին, այդ համատեքստում հիշատակելով Հայոց ցեղասպանությունը: «Մենք հպարտ ենք, որ Հունաստանն այն քիչ երկրներից էր, որ ապաստան տվեց ջարդերի զոհ դարձած հայերին, բայց նաև առաջիններից մեկն էր, որ ճանաչեց հայ ժողովրդի ցեղասպանությունը: Վերջերս Հունաստանի խորհրդարանը ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենք ընդունեց»,-ընդգծել է Կարոլոս Պապուլիասը:
Նախագահը խոսել է Հունաստանում հայկական համայնքի և Հայաստանում հունական համայնքի մասին, նշելով, որ երկու համայնքներն էլ հանդիսանում են ամուր օղակներ Հունաստանի և Հայաստանի միջև և նպաստում երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը:
«Այսօրվա մեր բանակցությունները ևս մեկ անգամ վերահաստատում են մեր երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր և արդյունավետ մակարդակը, որոնց բնորոշ է փոխադարձ հարգանքի և վստահության մթնոլորտը:
Պարո՛ն Նախագահ,
Ինչպես ես այսօր հնարավորություն ունեցա Ձեզ տեղեկացնելու, մեր տնտեսական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի: Իմ երկրում տեղի են ունենում կառուցվածքային փոփոխություններ, որոնք փաստացի դրական ազդեցություն ունեն գործարար միջավայրի վրա և ի հայտ են բերում համագործակցության լուրջ հնարավորություններ:
Ուզում եմ հավատալ, որ մեր առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացումը դրական հեռանկարներ ունի, ինչի մասին վկայում է Հայաստանից և Հունաստանից գործարարների մասնակցությունը գործարար համաժողովին:
Կրթության ոլորտում մեր հարաբերությունները զարգանում են արագ, ինչը երևում է մեր երկրների բարձրագույն կրթական հաստատությունների համագործակցությունից, ինչպես նաև հայ ուսանողներին Հունաստանի կրթական հաստատություններում սովորելու համար տրվող կրթաթոշակներից:
Ես շատ ուրախ եմ, որ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում և Երևանի պետական համալսարանում գործում են հունարեն լեզվի դասավանդման բաժիններ:
Միևնույն ժամանակ, կարևորում ենք, որ Ձեր երկրի զինված ուժերում ծառայում են հունական ռազմական հաստատություններն ավարտած սպաներ:
Պարո՛ն Նախագահ,
Դուք գիտեք, որ հույները և Հունաստանը կապված են Կովկասի հետ դարերից եկող պատմական կապերով: Ամեն կերպ աջակցում ենք տարածաշրջանի անվտանգության և կայունության ամրապնդմանը՝ հավատալով, որ այն կնպաստի տարածաշրջանային համագործակցությանն ու տնտեսական աճին:
Իր արտաքին քաղաքականությունում Հունաստանը միշտ ուղղորդվում է տարաձայնությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու սկզբունքով՝ միջազգային օրենքի հիման վրա և, անշուշտ, դա վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Համարում ենք, որ խնդիրը լուծելու համար ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն ամենանպատակահարմարն է: Մեծ հետաքրքրությամբ հետևում ենք վերջերս տեղի ունեցող զարգացումներին: Ցանկանում ենք, որ հակամարտությունն արագ լուծում ստանա, որը կլինի կենսունակ, իրական և գործնական՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի վրա և կբխի կողմերի իրավական շահերից ու պահանջներից:
Հունաստանը, որպես Եվրոպական միության անդամ, հաստատակամորեն սատարում է Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանը: Հայաստանը մի երկիր է, որն ունի մշակութային եվրոպական պատմական արմատներ և ավանդույթներ:
Հունաստանը միշտ հատուկ ուշադրություն է դարձրել իր հարևանների հետ լավ հարաբերություններ ունենալուն, ինչպես նաև Բալկանյան տարածաշրջանին, որտեղ նա գտնվում է:
Ինչպես ես այսօր նշեցի մեր հանդիպման ժամանակ՝ Արևմտյան Բալկանների անդամակցությունը Եվրոպական միությանը՝ հունական արտաքին քաղաքականության ռազմավարական նպատակն է: Այդ տեսլականն իրականացնելու համար անհրաժեշտ է բարիդրացիական հարաբերություներ հաստատել տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,-ասել է Հունաստանի Նախագահը՝ այդ համատեքստում խոսելով Թուրքիայի հետ իր երկրի հարաբերությունների մասին: Նա անդրադարձել է նաև Կիպրոսի հիմնախնդրին, ներկայացրել իր երկրի դիրքորոշումը:
«Պարո՛ն Նախագահ,
Ես վստահ եմ, որ մեր երկու երկրները օգուտ կքաղեն այսօրվա հանդիպման ջերմ մթնոլորտից՝ ավելի խորացնելով և ամրապնդելով մեր համագործակցությունը:
Հաշվի առնելով վերոհիշյալը՝ բաժակ եմ բարձրացնում՝ մաղթելով Ձեզ և Ձեր մտերիմներին առողջություն, հաջողություններ, իսկ հայ ժողովրդին՝ առաջընթաց բոլոր ոլորտներում»,-իր բաժակաճառում ասել է Կարոլոս Պապուլիասը: