ԱԺ-ում թեժ է. ԱԺ նախագահն ընդունեց ընդդիմության առաջարկը
ԱԺ այսօրվա նիստի մեկնարկին խորհրդարանական ընդդիմությունը անցավ գրոհի:
«Դիմում եմ ԱԺ-ում ներկայացված քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչներին` եկեք հրատապ կարգով խորհրդակցություն հրավիրենք ԱԺ նախագահի մոտ և «Շրջանառության հարկի մասին» օրենքի խնդիրների հետ կապված քննարկում անենք: Նաև քննարկենք հանրապետությունում ստեղծված իրավիճակը, քանի որ քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Գյումրիում մեծ հանրահավաք է»,- դիմելով ԱԺ նախագահին հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը` շեշտելով, որ հարկավոր է հարցը չքաղաքականացնել, այլ լուծումներ գտնել, այն էլ հրատապ:
«Սա այն հարցն է, որ որևէ կուսակցություն քաղաքական դիվիդենտ չպետք է ակնկալի: Մենք պատրաստ ենք հրատապ քննարկել այն ձեր մասնակցությամբ և փորձել գտնել լուծում»,- հավելեց Մ.Մելքումյանը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ միացավ առաջարկին. «Եկեք նախաձեռնեք քննարկում ձեր սենյակում հիմա, դա ցանկալի տարբերակն է և ցանկալի կլիներ կառավարության ներկայացուցչին էլ ներկա գտնվեր… այլապես ստիպված կլինենք ստորագրություններ հավաքել ու արտահերթ հրավիրել»:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ մեղադրեց ընդդիմադիրներին անհասկանալի պահվածքի մեջ.
«Շատ հետաքրքիր քառյակ-եռյակ է ձևավորվել: Երկու օր առաջ մենք էինք ասում եկեք հավաքվենք, քննարկենք: Բայց գնացիք այլ ճանապարհով` արտահերթ նախաձեռնեցիք, հիմա դուք եք առաջարկում: Քանի օր է ասում ենք կա խնդիր, եկեք քննարկենք: Մենք դեմ չենք քննարկելուն, դա արդեն կորոշի ԱԺ նախագահը, բայց ուզում եմ հասկանամ ` ի՞նչ եղավ այս երկու օրերին: Ուզում եք ուղղակի լարումներ մտցնել ժողովրդի մեջ, ես այդպես եմ տեսնում, բայց նորից ենք հայտարարում ` խնդրեմ, համեցեք, եկեք քննարկենք»:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն էլ, շարունակելով թեման նշեց, որ ինքն էլ առաջարկել էր այդ հարցը քննարկել հանձնաժողովում ու էլի պատրաստ է այդ քննարկումը կազմակերպել, քանի որ սա տնտեսական բնույթի խնդիր է, ոչ թե քաղաքական:
Ընդդիմադիրների ելույթներն ու ՀՀԿ-ից արձագանքողներին ձայն չտալով, որպեսզի ԱԺ նիստը հանրահավաքի չվերածվի, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ժամը 13.30-ին իր մոտ է հրավիրում խմբակցությունների ղեկավարներին կամ ներկայացուցիչներին:
«Կընդունեմ` կքննարկենք»,- հավելեց նա: