Աշխատողների շնորհիվ չաշխատողներին արված լավությո՞ւն, թե՞ ծախսարդյունավետության բարձրացում
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի ապահովության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը կառավարության հավանությանն արժանանալուց հետո ներկայումս գտնվում է հանրային լայն լսումների փուլում:
Գործող օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկը առավելապես պայմանավորված է ժամանակավոր անաշխատունակության նպաստներին ուղղվող գումարների ուղղությամբ ծախսերի վերջին մի քանի տարիների դինամիկայի ուսումնասիրությամբ, համաձայն որի տեղի է ունեցել ծախսերի աճ` առաց օբյեկտիվ պատճառների, (հատկապես առաջանցիկ տեմպերով աճել է հղիության և ծննդաբերության նպաստի ուղղությամբ կատարվող ծախսերը) և այդ միտումի պահպանման դեպքում, արդեն 2020-2021թթ-ին պետբյուջեի համար բեռը կազմելու է մոտ 25-30 մլրդ դրամ: Նկատենք, որ այս թվերը ստացվում են այն դեպքում, եթե պահպանվի ներկա օրենքով գործող 100%-ի չափով տրվող փոխհատուցումը:
Հետևաբար, գոնե հղիության և ծննդաբերության նպաստի ուղղությամբ առաջիկայում նման վիճակի չբախվելու համար առաջարկվող նախագծի նախնական տարբերակը ենթադրում է աշխատող հղիներին տրվող 100% փոխհատուցման շեմը իջեցնել և արդյունքում նպաստ տալ նաև չաշխատող հղի կանանց:
Նկատենք, որ կառավարության առաջարկը, ըստ էության, նշանակում է ընդլայնել ՀՀ պետական բյուջեից տրվող նպաստի իրավունք ունեցողների շրջանակը` ներառելով շուրջ 30000 կնոջ:
Հատկանշական է, որ խնդրի մանրամասն դիտարկման դեպքում պարզ է դառնում նաև, որ խոսքն ամենևին էլ գումարի զուտ կրճատման և այդ հիմքով տնտեսման մեջ չէ: Այլ նոր նախագծով առաջարկվում է սահմանել հստակ իրավակարգավորումներ, որոնք միտված են բարձրացնել ժամանակավոր անաշխատունակության նպաստների ուղղությամբ կատարվող ծախսերի հասցեականությունն ու արդյունավետությունը:
Այս կերպ վերացվելու են ներկայում գործող կարգում առկա այն թերությունները, երբ գործատուն անձին գրանցում է որպես բարձր աշխատավարձով վարձու աշխատող զուտ միայն նրա համար, որ պետությունը արդեն արձակուրդի ժամանակ 100 տոկոսով փոխհատուցում է իրականացնում: Արդյունքում ստացվում է, որ որոշակի սահմանափակ թվով մարդիկ ստանում են, երբեմն նույնիսկ իրենց աշխատավարձից էլ բարձր նպաստ, ինչը առանձին վերցրած խաթարում է նաև նպաստի սոցիալական էությունը: Իսկ մյուս կողմից էլ նման բարձր նպաստի առկայությունը գոնե վերջին տարիներին որևէ կերպ չի նպաստել ծնելիության աճին:
Ավելին, գործող օրենքի համաձայն, պետությունը 100 տոկոս փոխհատուցում է ապահովում նաև աշխատողին տրված պարգևավճարի ժամանակ, իսկ այդ դեպքում հասկանալի է, որ բացառապես գործատուի հայեցողության տիրույթում է որոշվում պարգևավճարի չափը:
Արդյունքում ստացվում է` որքան բարձր այնքան լավ, քանի որ փոխհատուցումը միևնույնն է պետբյուջեի հաշվին է լինելու:
Միաժամանակ հարկ է նկատել, որ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ աշխարհում գրեթե չկան այնպիսի երկրներ, որտեղ ժամանակավոր անաշխատունակության պատճառով կորցրած եկամուտը փոխհատուցվում է 100 տոկոսով:
Փոխհատուցման շեմը 100 տոկոսից ցածր է նույնիսկ այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիան, Բելգիան, Հունգարիան, Ավստրիան, Խորվաթիան: Ավելին, միջազգային փորձը ենթարդում է նաև ժամանակավոր անաշխատունակության նպաստի չափը կապել այդ թվում նաև աշխատողի աշխատանքային ստաժի հետ` ներառյալ հենց վերջին գործատուի մոտ գրանցած ստաժը:
Սույն փորձը նաև հաշվի է առնված փոփոխությունների նախագծում, ըստ որի առաջարկվում է նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի (հետևաբար` նպաստի) մեծությունը փոխկապակցել աշխատանքային ստաժի տևողությանը` սահմանելով առավելագույնը 80 տոկոս:
Այսպիսով, ըստ էության կառավարության կողմից առաջարկվում է խնդրի լուծման այնպիսի տարբերակ, որը ենթադրում է ոչ թե ծախսերի զուտ կրճատում կամ մի շերտի հաշվին մյուսների նպաստի ավելացնում, այլ որոշակի մեխանիզմ, որը կիրարկվելու դեպքում հավասարակշռելու է սոցիալական ոլորտի համար այս մասով արվող ծախսերը` սահմանելով դրանց հստակ հասցեականությունը և պահպանելով նպաստի` որպես այդպիսին սոցիալական նշանակությունը, այն հասանելի դարձնելով նաև չաշխատող մայրիկներին:
Կնյազ Սարոյան, քաղաքագետ