«Ոչ մեկ չի կարող նախագահին փոխել». Հովիկ Աբրահամյան
«Իշխանափոխության համար ես որևէ հիմք չեմ տեսնում: Կոռեկտ չէ հիմա նախագահի մասին խոսել, քանի որ նախագահը դեռ չորս տարի ունի աշխատելու: Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, ով հիմա դրա մասին խոսում է, ժամանակավրեպ է և կոռեկտ չէ»,-պատասխանելով լրագրողների հարցին՝ կցանկանա՞ք, որ Ձեր խնամի Գագիկ Ծառուկյանը դառնա նախագահ, ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ «ոչ մեկ չի կարող նախագահին փոխել»:
Վարչապետը նշեց, որ հակառակ ընդդիմադիրների պնդումներին, Հայաստանում կառավարման ճգնաժամ չկա:
«Դուք տեսնո՞ւմ եք որևէ հարց, որ մենք չենք կարողանում կառավարել: Մենք փորձում ենք մեր լիազորությունները, մեր պոտենցիալը 100 տոկոս օգտագործել և առաջիկայում ավելի արդյունավետ ենք գործելու: Հաջորդ տարվա բյուջեն լինելու է ավելի իրատեսական և մենք մեծ պատասխանատվություն ենք կրելու, քանի որ մենք ենք կազմել ի սկզբանե: Այսօր մեր հանդիպումները, մեր պատվիրակությունների ակտիվությունը փորձում է հիմքեր ստեղծել, որպեսզի տնտեսության զարգացումը ապահովենք»,-նկատեց վարչապետը: