Նորաբաց «ՄԵՐԻԴԻԱՆ» էքսպո կենտրոնում բացվեց «Yerevan Show 2014» ոսկերչական ցուցահանդեսը
Երևանում` նորաբաց «ՄԵՐԻԴԻԱՆ» էքսպո կենտրոնում, այսօր բացվեց «Yerevan Show 2014» ոսկերչական ցուցահանդեսը, ինչպես նաև պաշտոնապես հայտարարվեց ոսկերչական ազատ տնտեսական գոտու գործունեության մեկնարկը: Նշենք, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Հայ ոսկերիչների համաշխարհային միությունը (AJA):
Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը: Հանրապետության Նախագահը շրջեց ցուցահանդեսի տաղավարներով, դիտեց հայրենական և արտերկրյա ընկերությունների կողմից ներկայացված ոսկերչական իրերը:
Ինչպես ցուցահանդեսի բացմանը նշեց Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ Գագիկ Գևորգյանը, Ազատ տնտեսական գոտու նպատակը Հայաստանում ոսկերչական կլաստերի ստեղծումն ու զարգացումն է, բացի այդ, ԱՏԳ-ն գործոն է նոր աշխատատեղերի ստեղծման և օտարերկրյա մեծ ներդրումների ներգրավման համար:
«Այսօր ազատ տնտեսական գոտին իր ենթակառույցներով արդեն պատրաստ է ընդունել իր առաջին ռեզիդենտներին, իսկ ամբողջ հզորությամբ այն կաշխատի 2015 թ-ից»,- հայտարարեց Գ.Գևորգյանը` հավելելով, որ ԱՏԳ-ում կտեղակայվեն 120-150 օտարերկրյա ընկերություն, որոնք կապահովեն 1000-1500 նոր աշխատատեղեր:
Անդրադառնալով ցուցահանդեսին` Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահը նշեց, որ դրա կազմակերպումը միության անդամների վաղեմի երազանքն էր: Եւ այսօր արդեն կարող են ասել, որ «Yerevan Show»-ն կայացել է, քանի որ արդեն 4-րդ անգամ կազմակերպված ցուցահանդեսին մասնակցում է 27 երկրներից ժամանած ոսկերչական և ժամագործական ավելի քան 120 ընկերություն:
«Այսպիսով, ցուցահանդեսը հնարավորություն է տալիս մեկ անգամ ևս համախմբել աշխարասփյուռ հայ ոսկերիչներին»,- ասաց Գ.Գևորգյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն իր խոսքում նշեց, որ արդեն ավանդույթ են դարձել տարբեր երկրների և Հայաստանի` ոսկերչությամբ զբաղվող մասնագետների և գործարարների երևանյան հանդիպումները:
«Եվ պետք է ուրախությամբ նշել, որ ստեղծվել է արդյունավետ հարթակ, որտեղ մասնագետները կարող են ամփոփել բոլոր կատարված աշխատանքները, ծանոթանալ աշխարհի հայ ոսկերիչների ձեռքբերումներին, քննարկել հետագա անելիքներն ու ծրագրերը»,- ասաց նախարարը:
Նրա խոսքերով` այս միջոցառման մասնակիցները մեծ դերակատարում ունեն ոսկերչական ոլորտի զարգացման գործում և իրենց գործունեությամբ նպաստում են Հայաստանի տնտեսության զարգացմանը:
«Վստահ եմ, որ այս միջոցառումը իր նպաստը կունենա տեղական և օտարերկրյա կապերի ամրապնդմանը, համագործակցության ընդլայնման և արդյունավետության բարձրացմանը, նորամուծությունների ներմուծմանն ու կիրառմանը, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա ոլորտի հետագա զարգացման համար»,- ընդգծեց Կ.Ճշմարիտյանը` հավելելով, որ հայկական ոսկերչությունն ունի բազմադարյա պատմություն և ավանդույթներ և այսօր նույնպես այդ ավանդույթները շարունակվում են թե Հայաստանում, թե Սփյուռքում` ամրապնդելով դիրքերը համաշխարհային ասպարեզում:
Նախարարը նաև նշեց, որ ոսկերչական ոլորտը գտնվում է ՀՀ նախագահի և կառավարության ուշադրության կենտրոնում:
Նշենք, որ «Yerevan Show 2014»-ի պատվավոր հյուրերն են Համաշխարհային ոսկերչական կոնֆեդերացիայի նախագահ (CIBJO) Գաետանո Կավալիերին, «VICENZAORO» միջազգային ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Fierra di Vicenza ընկերության գործադիր տնօրեն Կորադո Ֆակոն, Ռուսաստանի Պետական գանձարանի ղեկավար (ГОХРАН) Անդրեյ Յուրինինը, Ադամանդ արտադրողների միջազգային ասոցիացիայի նախագահ Մաքսիմ Շկադովը (IDMA), Իսրայելի ոսկերիչ արտադրողների միության գործադիր տնօրեն Իցխակ Բենդորը, Լոնդոնի ալմաստի բորսայի նախագահ Գարի Լևինը, ինչպես նաև հանրահռչակ Դեբիրս և Ալռոսա ընկերությունների ղեկավարները:
Հիշեցնենք, որ «Yerevan Show 2014» ծրագրի շրջանակներում իրականացնելու են «Հայաստանը ոսկեգործության տարածաշրջանային կենտրոն» խորագրով համաժողովը, ինչպես նաև անցկացվելու է «Yerevan Fashion Week. Golden lace» նորաձևության շաբաթը: Այն Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ և կրելու է շարունակական բնույթ: Նորաձևության ցուցադրության ընթացքում իրենց հավաքածուները կներկայացնեն մոդելավորողներ Հայաստանից և Ռուսաստանից:
«ՄԵՐԻԴԻԱՆ» էքսպո կենտրոնում կազմակերպվող միջոցառումների շարքում իր ուրույն տեղն է զբաղեցնում նաև հայ գեղանկարիչների «Armenian Art Fair» ցուցահանդեսը: Ցուցահանդեսին կներկայացվեն ավելի քան 15 հայ անվանի և երիտասարդ նկարիչների և քանդակագործների մոտ 120 աշխատանք:
Լուսանկարներն` այստեղ