Ռուսաց լեզուն` ՀՀ պետական լեզու կճանաչվի՞. մեկնաբանություններ
«Մենք եղբայրներ ենք և պետք է խոսենք եղբայրական լեզվով: Եթե ուզում եք խոսել ռուսերենով խոսեք, եթե ոչ` ոչ... բայց ես խորհուրդ չէի տա մեկուսանալ, այն ժամանակները չեն»,- ԱԺ-ում մասին ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 25-րդ նիստի ավարտին ասուլիսում հայտարարեց միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը` անդրադառնալով նրան, թե Հայաստանում հնարավոր է պետական լեզու փոխվի:
Հայկական կողմի համանախագահ, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն էլ հայտարարեց, որ ՀՀ պետական դիրքորոշումը հայտնի է, և որևէ փոփոխություն դրանում չկա և հիմքեր այլ լեզու` երկրորդ պետական լեզու ճանաչելու համար չկան:
«Դրա հիմքեր կարող են լինել միայն այն դեպքում, երբ ՀՀ-ում ապրի ինչ-որ այլ ազգության կոմպակտ քանակություն: Բայց նման բան այսօր չունենք: Ես գտնում եմ, որ թե մարդու, թե ժողովրդի համար ինչքան շատ լեզու իմանա, այնքան կարևոր է: Եվ պետական լեզու չի նշանակում մնացած բոլոր լեզուները անտեսել»,- ընդգծեց Նաղդալյանը:
Ն.Ռիժկովն էլ հավելեց, որ առաջին անգամ է լսում, որ Հայաստանում պնդում են, թե ռուսաց լեզուն էլ կարող է ճանաչվի պետական լեզու: Հայաստանը, նրա խոսքով, մոնոազգ է և նման խնդիր չկա: