Արտգործնախարարն էլ կցավա, որովհետև Ամմանում է. Ն. Զոհրաբյան
«Ժառանգություն» խմբակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը այսօր ԱԺ-ում շարունակեց մի քանի տարի շարունակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից մատնանշվող խնդրին անդրադարձը, այն է` ինչո՞ւ որոշ պաշտոնյաներ արտոնյալ կարգավիճակում են իրենց զգում և փաստորեն արհամարհում օրենսդիրը` շարունակ չներկայանալով Ազգային Ժողով:
Ա.Արզումանյանը նյարդայնացավ այն հանգամանքից, որ այսօր էլ 2015թ-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը չէր ներկայացել ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանը, ով, այդպես ներկայացվեց, գործուղման մեջ է:
«Բացակայելու համար այսօր ցավում է ՄԻՊ-ը, երեկ ցավում էր Երևանի քաղաքապետը, նաև Սյունիքի մարզպետը, երեկոյան էլ անշուշտ կցավա ատգործնախարարը»,- հայտարարեց նա:
ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն էլ կողքից ավելացրեց, որ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անշուշտ «կցավա, որովհետև Ամմանում է»:
Հիշեցնենք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը այս օրերին գտնվում է Հորդանանում:
Պատգամավորների էմոցիաները զսպելու նպատակով նիստը նախագահող ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը «հանգիստ-հանգիստ» հորդորով դիմեց նրանց, բայց Ա.Արզումանյանը շարունակեց:
«Մենք մեր փոխարեն օգնականներին չենք ուղարկում: Մենք ցանկանում ենք ոլորտի պատասխանատուներից որակական արդյունքների մասին պատասխաններ ստանալ, ոչ թե որքան հոսանքի կամ գազի գումար է ծախսվել»,-ընդգծեց նա:
Նաև ավելացրեց, որ բյուջետային քննարկումների կարգում փոփոխություններ են հարկավոր, որպեսզի հանրավոր լինի ապահովել պաշտոնյաների ներկայությունը:
Ի դեպ, ընդդիմադիր պատգամավորների մտահոգության հետ համաձայնեց նաև ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը` նկատելով, որ պաշտոնյաների պահվածքը հարիր չէ: