Նավթի գնի անկումը լուրջ ահազանգ է. Ադրբեջանցի փորձագետների կանխատեսումները
ԱՄՆ Էներգետիկ տեղեկատվության գործակալության ղեկավար Ադամ Սեմինսկին օրերս հայտարարել էր, թե չի բացառում նավթի համաշխարհային գնի անկումը մինչև 50 դոլար բարելի համար: Ադրբեջանում այս պարագան գնահատում են` որպես ահազանգ ադրբեջանական տնտեսության համար: Այս մասին հաղորդում է ադրբեջանական «Հագըն.ազ» տեղեկատվական պորտալը:
Ինչպես նշված է նյութում, «Թուրան» լրատվական գործակալության ղեկավար Մեհման Ալիևը, մեկնաբանելով Սեմինսկու խոսքերը, նկատել է, որ այդ դեպքում Ադրբեջանը կարող է կորցնել ոչ պակաս, քան 10 մլրդ ԱՄՆ դոլար: «Ուստի արդեն հիմա մեզ պետք են որոշիչ քայլեր` կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով»,- ասել է նա:
Պորտալը գրում է, որ Ադրբեջանի Նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանը, ևս մեկնաբանելով իրավիճակը, կանխատեսել է, թե նավթի գնի անկումը բացարձակապես կարճատև բնույթ չի կրելու: «Ամենայն հավանականությամբ, ադրբեջանական արտահանվող նավթի գինն ընթացիկ տարում կկազմի 105 դոլար բարելի համար: Պատկերացրեք, որ 2015-ին այս ցուցանիշը կընկնի մինչև 70 դոլար, էլ չասեմ առավել ցավագին անկումների մասին: Այդ դեպքում կստացվի, որ մեր եկամուտները նվազելու են ավելի քան 38 տոկոս»,- հայտարարել է փորձագետը:
Նա հիշեցրել է, որ հում նավթի բաժինը երկրի արտահանման ծավալներում կազմում է մոտ 86 տոկոս, որտեղից 82-ը բաժին է ընկնում ընդամենը մեկ իրավաբանական անձի` BP-Azerbaijan ընկերությանը: «Այս մասին, ի դեպ, երբեք ու ոչ մի տեղ չեն խոսում: Մինչդեռ այդ ցուցանիշով մենք կարող ենք անգամ Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել»,- հավաստիացրել է փորձագետը:
Շաբանի խոսքերով` Նավթային ֆոնդը կառավարության անվտանգության գոտին է, որն ընդամենը մեկ տարվա ընթացքում այնպես է սեղմվելու, որ քիչ չի թվա: Միայն ընթացիկ տարում Նավթային ֆոնդը ծրագրել է ծախսել 14 մլրդ դոլար, իսկ ցածր գների հետևանքով եկամուտները լինելու են 10 մլրդ դոլարի մակարդակի:
Ադրբեջանական Minval.az տեղեկատվական պորտալի հետ զրույցում Շաբանը հայտարարել է նաև` եթե Ադրբեջանում մեկ տարի առաջ ներմուծման համար ծախսվում էր 4 մլրդ դոլար, ապա այս տարի` արդեն 8 մլրդ: «Մենք բոլորս ավելի ու ավելի ենք ծախսում ներմուծման վրա`ուտելով նավթադոլարները»,- ամփոփել է փորձագետը:
Նյութեր թեմայի շուրջ`
«World Oil Outlook 2014». Ադրբեջանում նկատվում է նավթարդյունահանման խիստ անկում
Ո՞ւր է կորել Ադրբեջանի նավթային հիմնադրամի դրամական մուտքերի 60 տոկոսը. Haqqin.az
Նավթի գնի անկման հետևանքով սոցիալական ծախսերի կրճատումը կարող է Ադրբեջանում հանգեցնել ժողովրդական հուզումների
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին