ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելություն. Ադրբեջանը կրում է ողջ պատասխանատվությունն իրավիճակի սրման համար
Նախօրեին ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելությունը Մշտական խորհրդի նիստին հանդես է եկել հայտարարությամբ` Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Անդրադառնալով Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ուսումնական թռիչք իրականացնող ՄԻ-24 ուղղաթիռի կործանմանը՝ հայկական կողմը տեղեկացրել է, որ Ադրբեջանը խոչընդոտում է փրկարարական խմբերի փորձերը` մոտենալու ուղղաթիռի անկման վայրին՝ անընդհատ հրաձության տակ պահելով տեղանքը:
Ընդգծվել է, որ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ներկայացուցիչների փորձերը` ներգրավվելու անձնակազմի անդամների տարհանման և տեղանքի դիտազննման աշխատանքներին, մերժվել են Ադրբեջանի կողմից: Դրանով իսկ Ադրբեջանը խախտել է Ժնևի կոնվենցիայի հանձնառությունները, որոնք նախատեսում են հակամարտությունների բոլոր կողմերի պարտավորությունը` առանց որևէ հետաձգման ձեռնարկելու բոլոր հնարավոր միջոցները` փնտրելու և հավաքելու վիրավորներին, հիվանդներին և զոհվածներին:
ՀՀ առաքելությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին հավատարիմ մնալ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և դադարեցնել անձնակազմին մոտենալը կանխարգելելուն միտված զինված գործողությունները: Շեշտվել է, որ Ադրբեջանը կրում է ողջ պատասխանատվությունն իրավիճակի սրման համար: