Ֆրանսիան առաջարկում է Սիրիայում անվտանգության գոտիներ ստեղծել
Փարիզը առաջարկում է հնարավորինս արագ Սիրիայում «անվտանգության գոտիներ» հիմնել, որտեղ խաղաղ բնակիչները կկարողանան հեռու մնալ վարչակարգի ուժերից ու «Իրաքի և Լևանտի իսալամական պետության» գրոհայիններից, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը: Այս մասին հայտնում է Al-Arabiya հեռուստակայանը:
Ըստ Ֆաբիուսի` Ֆրանսիան աշխատում է Սիրիայի հարցով ՄԱԿ հատուկ դեսպան Ստեֆան դե Միստուրայի հետ, ով ավելի վաղ առաջարկել էր Հալեպ քաղաքում հրադադար հաստատել:
«Մենք աշխատում ենք ՄԱԿ դեսպանի հետ` փորձելով պահպանել Հալեպը և միաժամանակ անվտանգության գոտիների հիմնել, որտեղ Բաշար Ասադի օդուժը և ԻԼԻՊ-ը չեն կարողանա հետապնդել սիրիացիներին»,-ասել է Ֆաբիուսը` ավելացնելով, որ Հալեպի դատարկումը Սիրիային ու հարևան երկրներին տարիներով քաոսի կդատապարտեն: