Դանիել Բրեար. «Քիչ երկրներ կարող են պարծենալ այսպիսի պայմաններով»
ՈՒԵՖԱ-ի Youth Elite Player Development (Երիտասարդ էլիտ խաղացողների զարգացում) ծրագրի շրջանակներում ձևավորված Հայաստանի մինչև 14 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչը ֆրանսիացի Դանիել Բրեարն է: ՀՖՖ պաշտոնական կայքի թղթակիցը զրույցի է հրավիրել նրան:
- Պարոն Բրեար, խոսեք Ձեր մարզչական կարիերայի մասին:
- Որպես ֆուտբոլիստ՝ հանդես եմ եկել ֆրանսիական «Սենտ Էթյեն» թիմում, այնուհետև` Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնի մի շարք թիմերում: Եղել եմ ֆրանսիացի հանրահայտ մարզիչ Գի Ռուի օգնականը «Օսերում»: Ստանալով ՊՐՈ արտոնագիր` աշխատել եմ Սաուդյան Արաբիայի «Ալ-Շաբաբ» ակումբում` որպես տեխնիկական տնօրեն: Այժմ Հայաստանի մինչև 14 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչն եմ, ինչպես նաև զբաղվում եմ ընդհանուր սկաուտինգով:
- Կպարզաբանե՞ք, թե դա ինչ է ենթադրում:
- Մենք արդեն ձևավորել ենք երկու տարիքային խմբերի հավաքականները, բայց կազմը վերջնական չէ: Քանի որ մասնակցում ենք Հայաստանի պատանեկան առաջնությանը և ամեն շաբաթ հնարավորություն ենք ունենում գործի մեջ տեսնել տարբեր թիմերի խաղացողների, մենք հրավիրում ենք աչքի ընկած ֆուտբոլիստներին փորձաշրջանի: Նրանք մարզվում են արդեն ընտրված երեխաների հետ, և եթե արդարացնեն մեր սպասելիքները, հնարավորություն կստանան ընդգրկվել հավաքականում:
- Դուք Ձեր տրամադրության տակ ունեք այնպիսի խաղացողներ, ովքեր մինչ այդ հանդես են եկել տարբեր ակումբների կազմերում: Նրանց միջև շա՞տ տարբերություններ եք տեսնում:
- Տարբերություններն այնքան էլ շատ չեն, բայց կան: Օրինակ՝ «Բանանցից» եկած երեխաների մոտ զգացվում է հոլանդական ֆուտբոլի ազդեցությունը, քանի որ նրանց հետ աշխատել են հոլանդացի մարզիչներ: «Փյունիկի» ֆուտբոլիստները լավ են պատրաստված տեխնիկապես, ինչը, հավանաբար, բխում է այն փիլիսոփայությունից, որը գոյություն ունի ակումբում: Իսկ, օրինակ, մարզերի երեխաները տեխնիկապես մի փոքր թույլ են, քանի որ լավ խաղադաշտերում մարզվելու հնարավորություն չեն ունեցել:
- Հայաստանի մինչև 15 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Լելևրը նշել է, որ իր թիմը խաղում է 4-3-3 մարտավարությամբ: Դուք նո՞ւյնպես նախընտրում եք այդ տակտիկական դասավորությունը:
- Այո, մենք աշխատում ենք նույն ձևով: Այդպես ավելի հեշտ է: Հետագայում, երբ իմ թիմի ֆուտբոլիստն սկսի հանդես գալ մինչև 15 տարեկանների հավաքականում, արդեն հստակ կիմանա, թե ինչ է պահանջվում իրենից: Մեր ֆուտբոլիստները լավ են պատրաստված տեխնիկապես, իսկ տակտիկական առումով երբեմն կաղում են: Այդ պատճառով հենց սկզբից մենք նրանց հանձնարարել ենք 11 vs 11 խաղեր, որպեսզի կարողանան ավելի արագ ընկալել մեր տակտիկական մտահղացումները:
- Ի՞նչ կասեք աշխատանքային պայմանների մասին:
- Մենք շատ տպավորված ենք ՀՖՖ ենթակառուցվածքներով: Շատ քիչ երկրներ կարող են պարծենալ այսպիսի պայմաններով: Մեզ հետ աշխատող մարզիչները և անձնակազմը նույնպես շատ բարձր մակարդակի են: Ստեղծված են բոլոր պայմանները՝ ճիշտ և պլանային աշխատանքի համար:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց