«Նոր էսկալացիա Լեռնային Ղարաբաղում». Osservatorio Balcani e Caucaso
Osservatorio Balcani e Caucaso (OBC) հետազոտական կենտրոնը հրապարակմամբ անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի վերջին սրումներին և ներկայացրել է նոյեմբերի 12-ին ԼՂՀ ՌՕՈւ Մի-24 ուղղաթիռի խոցման մանրամասները և դրան հաջորդած զարգացումները:
Հրապարակման հեղինակ Մարիլիսա Լորուսոն նյութը սկսել է 1991թ-ի նոյեմբերի 20-ին ԼՂ Մարտունու շրջանում Մի-8 ուղղաթիռի կործանման մասին հիշատակումով և նշել է, որ նույն հակամարտությունը ավելի քան 23 տարի անց կրկին բերում է մարդկային կորուստների:
Հրապարակման մեջ մանրամասնորեն ներկայացնում է Մի-24 ուղղաթիռի կործանումը, ուղղաթիռում գտնվող անձնակազմի ճակատագիրը և դրա հետագա ընթացքը: Հեղինակը նշում է, որ կործանումից հետո երկար ժամանակ աղետի վայրը պահվում էր կրակի տակ և ոչ հայկական կողմը, ոչ էլ միջազգային կառույցները` Կարմիր Խաչը, ԵԱՀԿ ներկայացուցիչները չէին կարողանում այցելել դեպքի վայր, վերադարձնել մահացածների այուններն ու հետաքննություն անցկացնել:
Նյութում ներկայացաված են նաև հակամարտության երկու կողմերի դիրքորոշումները և դեպքի առթիվ հնչած պաշտոնական մեկնաբանություններն ու գնահատականները: Հրապարակման մեջ նշվում են նաև միջազգային կառույցների ու առանձին երկրների պաշտոնյաների մտահոգությունները և կողմերին ուղղված կոչերը: