Թուրքիայի Նախագահը կոչ է արել մուսուլմանական երկրներին ՄԱԿ-ի շրջանակներում նոր ռազմավարություն մշակել
Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանը կոչ արել մուսուլմանական երկրների ներկայացուցիչներին «փրկել աշխարհը» ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ հանդիսացող պետությունների գերիշխանությունից: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստին»` վկայակոչելով «Անադոլու» գործակալությանը:
«Աշխարհն ավելին է, քան հնգյակը: Ցավալի է, որ որ այժմ աշխարհը դատապարտված է կախվածության մեջ մնալ նրանցից: Մեզ անհրաժեշտ է փրկել աշխարհն այդ դատապարտվածությունից», - հայտարարել է Էրդողանը` ելույթ ունենալով Իսլամական համագործակցության կազմակերպության առևտրի մշտական հանձնաժողովի 30-րդ նիստի բացման ժամանակ:
Անվտանգության խորհուրդը Էրդողանի քննադատության թիրախում է հայտնվել միջազգային ռազմական հակամարտությունները կարգավորելու հարցում վճռականություն չունենալու պատճառով:
«Այսօր արդյո՞ք ՄԱԿ-ը գտել է լուծում այն ամենին, ինչ տեղի է ունենում աշխարհում: Որևէ բան առաջարկե՞լ է, որպեսզի դադարեցնի արյունահեղությունը Մերձավոր Արևելքում: Հետևելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, կարո՞ղ ենք ասել, թե այդ կառույցն ի զորու է ապահովել երկրի անվտանգությունը: Որևէ դրական որոշում այնտեղից դուրս չի գալիս և չի գա: Մենք ժամանակ չենք կարող կորցնել», - ասել է նախագահն ու կոչ է արել մուսուլմանական երկրներին ՄԱԿ-ի շրջանակներում նոր ռազմավարություն մշակել:
«ՄԱԿ-ի անդամ պետություններից 57-ը հանդիսանում են Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրներ: Մենք ինչ-որ բանի հասե՞լ ենք: ՄԱԿ-ին իրականում պետք են բարեփոխումներ և այդ ուղղությամբ լուրջ քայլեր պետք է ձեռնարկել», - ասել է Էրդողանը: