Պյոտր Պորոշենկո. Ուկրաինան պետք է հրաժարվի արտադաշինքային կարգավիճակից
Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակ չկարողացավ ապահովել երկրի անվտանգությունը և դրանից անհրաժեշտ է հրաժարվել: Այս մասին, «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերագույն Ռադայում Ուկրաինայի արտաքին և ներքին քաղաքականության հարցերին նվիրված ուղերձում:
«2010 թ-ին հայտարարված արտադաշինքային կարգավիճակը չկարողացավ և չէր էլ կարող երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը, դրանից պետք է հրաժարվել», - մասնավորապես, հայտարարել է Պորոշենկոն:
Նախագահի խոսքերով, Ուկրաինան արդեն այսօր խորացնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և աշխատանքներ է իրականցնում դաշինքի անդամ պետությունների բանակների ու Ուկրաինական զինուժի միջև օպերատիվ համատեղելիության շուրջ՝ ընդօրինակելով պաշտպանության ոլորտում ՆԱՏՕ-ի չափանիշները:
«Միևնույն ժամանակ, կոչ եմ անում բոլորին գիտակցել, որ ՆԱՏՕ-ին անհապաղ անդամակցելու մասին քաղաքական շահարկումները ոչ թե մոտեցնում, այլ, ընդհակառակը, հեռացնում են Ուկրաինայի անդամակցությունը»:
Պորոշենկոն ևս մեկ անգամ հայտարարել է, թե Հյուսիս-ատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցության հարցը կարող է որոշել միայն ուկրաինական ժողովուրդը: