Տիգրան Բալայանը՝ Ադրբեջանի ԱԳՆ արձագանքի մասին
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության արձագանքը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտում ունեցած ելույթի վերաբերյալ, վկայում է փաստերի կատարյալ բացակայության մասին»,- այս մասին Թվիվերում գրել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսակ Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 25-ին Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ ելույթով հանդես է եկել Ստոկհոլմի Միջազգային խաղաղության հարցերով հետազոտական ինստիտուտում:
Անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին` նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների մոտեցումը, որ հիմնահարցի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի։
«Բաքուն ոչ միայն արհամարհում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրության կոչերը` ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, շփման գծում միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման, վստահության ամրապնդման միջոցների կիրառման վերաբերյալ, այլև գործում է դրանց հակառակ` կրելով իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը:
Այս բոլոր փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը դարձել է իրական սպառնալիք` Հարավային Կովկասում անվտանգության և կայունության համար:
Մենք համամիտ ենք Մինսկի խմբի համանախագահների հետ, որ ռազմական ուժի կիրառումը չի կարող հիմնահարցի լուծմանը ծառայել։ Որքան շուտ Ադրբեջանի ղեկավարությունը հասկանա սա, այնքան բանակցային գործընթացը արդյունքներ կբերի` արցախյան հիմնախնդի կարգավորման համար»,- իր ելույթում մասնավորապես ասել է ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը: