Գյումրի-Աշոցք միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնվել է
Այսօր գիշերը ժամը 01:00-02:00-ի սահմաններում, Գյումրի-Աշոցք միջպետական ավտոճանապարհի (Մ1, Երևան-Գյումրի-Բավրա-Վրաստանի սահման) Քեթիի լեռնանցքի 139-140-րդ կմ հատվածում ծանրաքաշ վեց ավտոմեքենաների մաշված անվադողերի պատճառով տեղի էր ունեցել խցանում: «Մերձմոսկովյան» ԲԲ ընկերության աշխատակիցների շնորհիվ երթևեկությունը տվյալ հատվածում կարճ ժամանակում վերականգնվել է: Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
ԱԻՆ լրատվական ծառայությունից էլ հայտնում են, որ այսօր ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը ԼՂՀ հատվածում: Արարատի մարզի Արարատ և Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում նկատվում է մառախուղ:
Անձրև է տեղում Տավուշի մարզի Նոյեմբերյան, Բերդ, Իջևան քաղաքներում, ձյուն է տեղում Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ, Սևան, Մարտունի, Վարդենիս, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Վայոց Ձորի մարզի Ջերմուկ, Եղեգնաձոր քաղաքներում, Վարդենյաց լեռնանցքում և Սարավան գյուղում: Նշված վայրերում, որտեղ ձյուն է տեղում, ինչպես նաև Արագածոտնի մարզի Թալին քաղաքում տեղ-տեղ առկա է նաև մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 15 նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: