«Պարտադիր: Պարտադիր իջնելու է: Բայց երբ.....». Արթուր Ջավադյան
«Կան բանկեր, որոնց իրավունքն է չսպասարկել այն քաղաքացիներին, որոնք իրենց հաճախորդները չեն: Շուկայական հարաբերություններ են»,-այսօր տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` արձագանքելով այն խնդրին, որ այս օրերին որոշ բանկեր ու փոխանակման կետեր հրաժարվում են դոլար վաճառել, անգամ 50 դոլարի չափով:
Ա.Ջավադյանն ասաց, որ եթե բանկերը կարող են նման իրավասություն իրենց վերապահել, ապա փոխանակման կետերում նման իրավիճակ չպետք է լինի. «Ինչ վերաբերում է փոխանակման կետին, ապա եթե այն ունի X քանակի արտարժույթ, ապա իրավունք չունի մերժելու քաղաքացուն փոխարկել: Մենք դա ենք ստուգում: Բայց կան բանկեր, որոնք չեն սպասարկում ոչ իրենց հաճախորդ հանդիսացող քաղաքացիներին և դա իրենց իրավունքն է»:
Հարցին` արդյոք դոլարի փոխարժեքը նվազելո՞ւ է, Ա.Ջավադյանը պատասխանեց.
«Պարտադիր: Պարտադիր իջնելու է: Բայց երբ.....»:
Անդրադառնալով այսօր ԱԺ ոչ իշխանական երեք ուժերի և ՕԵԿ-ի նախաձեռնության կայանալիք ԱԺ արտահերթ նիստին, որում պետք է քննարկվի փոխարժեքի տատանումների ու գնաճի վերաբերյալ հարցրեր, Ա.Ջավադյանն ասաց, որ հավանաբար չի մասնակցի արտահերթ նիստին, քանի որ ինքը տեղյակ չի եղել, որ արտահերթ նիստ է հրավիրվելու:
Նա միաժամանակ նշեց, որ ցանկացած քննարկում միայն ողջունելի է: