«Արևմուտքը շահագրգռված է սերտացնել Հայաստանի հետ հարաբերությունները»
Արևմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ-ն շահագրգռված են շարունակել և էլ ավելի սերտացնել Հայաստանի հետ հարաբերությունները: Անդրադառնալով ԱՄՆ-Ռուսաստան հարաբերություններին և այդ կոնտեքստում Հայաստանի համար հնարավոր հեռանկարներին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայացք» կիրառական քաղաքագիտության և հետազոտությունների վերլուծության կենտրոնի վերլուծաբան Լիաննա Հովհաննիսյանը:
«Ամեն ինչ պետք չէ դիտարկել սև և սպիտակ հարթության մեջ»,-նշեց բանախոսը՝ մանրամասնելով, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու որոշումից հետո արևմուտքն ամենևին չի փակել մեր երկրի հետ համագործակցության դռները:
Այս համատեքստում Լ. Հովհաննիսյանը մեջբերեց Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտած ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնի այն խոսքերը, թե ԱՄՆ-ն շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման գործում՝ մասնավորապես էներգետիկ ոլորտում:
Ըստ բանախոսի՝ այս տեսանկյունից պետք է նշել Որոտանի ՀԷԿ-ի վերաբերյալ գործարքը, որն արդեն իսկ էներգետիկ ոլորտում համագործակցության լուրջ հեռանկարներ է բացում: Ինչ վերաբերում է գործարքի հետ կապված հնարավոր սուր անկյուններին, ապա ըստ բանախոսի՝ դրանք ամենևին չեն կարող ազդել հայ-ամերիկյան հարաբերությունների վրա:
Անդրադառնալով անցնող տարվա ԱՄՆ արտաքին քաղաքականությանը՝ բանախոսն ընդգծեց տարբեր ուղղություններով պաշտոնական Վաշինգտոնի որդեգրած քաղաքական գծի ծայրահեղ զանազան լինելը: Եթե «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ պայքարում ԱՄՆ-ն ձգտում է միջազգային լայն կոալիցիա ստեղծել, ապա Ուկրաինայի հարցում ըստ Լ. Հովհաննիսյանի՝ ԱՄՆ քաղաքականությունը կարելի է արկածային համարել: Բանախոսը շեշտեց, որ հստակ էր, թե Ուկրաինան հանդիսանում է այն կարմիր գիծը, որտեղ Ռուսաստանը երբևէ չի զիջի:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին