Քաղաքապետարանը դատարան չէ
««Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում նման կարգ սահմանված չէ, չի էլ կարող սահմանված լինել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի անդամ Թամարա Գրիգորյանը: Հարցը վերաբերում էր, թե արդյո՞ք «իրավախախտում կատարող քաղաքացիների» լուսանկարները սոցիալական ցանցում տեղադրելը «Վարչական իրավախախտումների մասին» օրենքով սահմանված կարգ է, ինչպես շարունակում են պնդել Երևանի քաղաքապետարանի իրավաբանները:
Նշենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով չնախատեսված վայրերում աղբը թափելու դեպքերի հայտնաբերման և կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներին, այդ թվում աղբը նախատեսված վայրում թափողի լուսանկարը սոցիալական ցանցերում տեղադրելուն, իրավաբանական վարչության պետն ընդգծել է, որ լուսանկարման միջոցով «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրավախախտման փաստի ամրագրումը և´ ապացուցողական, և´ կանխարգելիչ նշանակություն ունի և որևէ պարագայում զանցառուի լուսանկարը չի կարող որակվել որպես անհատական տվյալ:
«Եթե ընդունենք, որ այդ քայլը դիտվում է իրավախախտում, ցանկացած դեպքում իրավախախտում, հանցանք եթե նույնականացնենք, անձը դիտվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել: Այս դեպքում կարող է դիտվել որպես անմեղության կանխավարկածի խախտում: Իրավախախտման հանգամանքը, ինչը ենթադրում է պատասխանատվություն, տուգանք, ապա միայն դատական ակտի կայացումից ու այն իրավական ուժի մեջ մտնելուց հետո է հիմնավորվում նրա կողմից այդ արարքի կատարումը: Այս դեպքում լուսանկարի հրապարակումը նախորդում է դատական ակտին կամ համապատասխան վարչական մարմնի կողմից ընդունվելիք ակտին»,-ասաց նա:
Իսկ եթե քաղաքացին, ով Երևանի քաղաքապետարանի կողմից դիտարկվել է որպես իրավախախտ ու լուսանկարը հանրությանն է ներկայացվել, դիմի դատարան, արդյո՞ք կշահի դատը հարցին ի պատասխան, փաստաբանն ասաց. «Եթե դատարան դիմի իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը խախտելու հիմնավորմամբ, որի պատճառով վնասներ է կրել, դատը շահելու տարբերակներ կունենա: Կարող է հատուցման պահանջով մտնել դատարան»:
Նախորդող հրապարակում՝
Քաղաքապետարանը աղբահանության «թույլտվությամբ» խախտում է օրենքները