Լատվիան մտադիր է փոփոխություններ մտցնել «Արևելյան գործընկերություն» ծրագրում
ԵՄ Խորհրդում նախագահության ժամանակահատվածում Լատիան մտադիր է փոփոխություններ մտցնել Եվրոպական միության «Արևելյան գործընկերություն» ծրագրում: Այս մասին հայտարարել է Լատվիայի Արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Անդրեյս Պիլդեգովիչսը: Փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը:
«Եթե այն իսկզբանե նախաձեռնվում էր որպես Եվրամիությանն անդամակցելու մերձեցման հարթակ, ապա ապագայում հավանաբար հարկ կլինի ծրագիրը դարձնել ավելի ներառական և համապատասխանող գործընկեր երկրների շահերին»,- նշել է Պիլդեգովիչսը:
Վերջինիս դիտարկմամբ` 2015 թվականին թե Եվրոպական միության ներսում և թե կառույցի գործընկերների հետ հաստատված ծրագրերը պետք է նորովի վերաիմաստավորվեն, ինչպես նաև ծրագրերի ամբողջ փաթեթը պետք է էլ ավելի համապատասխանեցվի հարևանության ձևաչափի յուրաքանչյուր երկրի շահերին:
ԵՄ Խորհրդում Լատվիան նախագահությունը ստանձնել է այս տարվա հունվարի 2-ից:
«Արևելյան գործընկերության» ծրագրում փոփոխություններ իրականացնելու լատվիական կողմի նախաձեռնության մասին ավելի վաղ տարբեր առիթներով հայտարարություններ են հանդես եկել նաև լատվիացի այլ պաշտոնյաներ:
«Արևելյան գործընկերություն» ծրագիրը ԵՄ շրջանակներում ներկայացվել է 2008 թ-ին Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից: Ծրագրի նպատակն է ԵՄ-ի քաղաքական և տնտեսական մերձեցումը նախկին հետխորհրդային երկրներ Հայաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի և Ադրբեջանի հետ:
Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո հայկական կողմը պաշտոնական մակարդակով բազմաթիվ անգամներ վերահաստատել է իր պատրաստակամությունը` շարունակել զարգացնել ու խորացնել Հայաստան-ԵՄ համապարփակ համագործակցությունը` միաժամանակ հաշվի առնելով այլ ինտեգրացիոն ձևաչափերում Հայաստանի ստանձնած հանձնառությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ