Իսլանդացին վեց տարի պահել է Մաքդոնալդսի արտադրած բուրգերը
Իսլանդիայի բնակիչ Հերթուր Սմարասոնը հրապարակել է մի չիզբուրգեր, որը նա գնել է 2009 թվականին: Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն:
Համաձայն աղբյուրի՝ Սմարասոնը բուրգերը գնել է Մաքդոնալդսի ռեստորաններից մեկից այն օրը, երբ Մաքդոնալդսի ողջ ցանցը փակվել է Իսլանդիայում: Նշվում է, որ բուրգերը վեց տարի անց գրեթե ոչ մի փոփոխություն չի կրել: Միակ նկատելի փոփոխությունը այն է, որ բուրգերի մեջ եղած մսի գույնը փոխվել է, ավելի բաց է դարձել:
Սմարասոնը նախ որոշել է ֆասթֆուդը երեք տարի պահել պոլիէթիլենային տոպրակի մեջ: Երեք տարի անց նա բուրգերը փոխանցել է Իսլանդիայի ազգային թանգարանին:
«Ես մի անգամ լսել էի, որ Մաքդոնալդսի պատրաստած ուտելիքները պահպանվում են, և որոշեցի փորձել»,- պատմել է իսլանդացին:
Նշվում է, որ Իսլանդիայի ազգային թանգարանը բուրգերն իր տիրոջն է վերադարձրել, քանի որ մասնագետները որոշել են, որ այլևս չեն կարող այն պահպանել: Սմարասոնն էլ, իր հերթին, բուրգերը տրամադրել է Ռեյկյավիկի պանդոկներից մեկին: