Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների դեմ պայքարի կոմիտեն հրապարակել է Հայաստանի մասին զեկույցը
Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի կանխարգելման կոմիտեն այսօր հրապարակել է Հայաստանի վերաբերյալ իր զեկույցը՝ 2013թ․-ի ապրիլին և 2014թ․-ի մայիսին Հայաստան կատարած այցերից հետո։
Ինչպես նշվում է զեկույցում, 2013թ․-ին Հայաստան այցի ժամանակ կոմիտեի անդամները ստացել էին զգալի թվով բողոքներ ձերբակալված անձանցից, ովքեր ենթարկվել էին ֆիզիկական, հոգեբանական ճնշումների, ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառման։ Բացի այդ, մի շարք բողոքներ են ստացվել, որ սպառնալիքներ են եղել նաև ձերբակալվածների ընտանիքների նկատմամբ։
Հայաստանի իշխանություններն իրենց պատասխանում ընդգծել են, որ նոր ուղեցույցներ են պատրաստել, ինչպես նաև կատարվում է ոստիկանների վերապատրաստումներ, որոնք կկանխեն ոստիկանների վատ վերաբերմունքը։
Զեկույցում նշվում է, որ Հայաստանի իշխանությունները ջանքեր են գործադրում բարելավելու ոստիկանական համակարգը, ինչպես նաև ողջունվում է Հատուկ քննչական ծառայության ստեղծումը՝ որպես անկախ հետաքնող մարմին։
Կոմիտեն մի շարք կոնկրետ առաջարկություններ է ներկայացրել՝ բարելավելու առկա ընթացակարգերը՝ մարմնական վնասվածքների մասին հայտնելու և դատախազության կողմից ոստիկանական վատ վերաբերմունքի պոտենցիալ դեպքերի վերամշակման համար։
Կոմիտեի պատվիրակությունը, սակայն, մտահոգություն է հայտնում Երևանի Կենտրոն քրեակատարողական հիմնարկում առկա պայմանների վերաբերյալ, որտեղ պահվում են ցմահ ազատազրկման դատապարտյալները։
2014թ․-ի մայիսին պատվիրակության անդամներն այցելել են նաև Նուբարաշեն և Երևանի-Կենտրոն քրեակատարողական հիմնարկ՝ ուսումնասիրելու զմահ ազատազրկվածների համար առկա պայմանները։ Երկու դեպքերում էլ բանտարկյալների կողմից գրեթե չեն ստացվել վատ վերաբերմունքի մասին պնդումներ։
Սակայն, այցերը, ինչպես նշվում է զեկույցում, ցույց տվեցին, որ նախկինում արված կոնկրետ առաջարկություններից շատերը չեն իրագործվել գործնականում, մասնավորապես ցմահ ազատազրկվածների կալանքի ռեժիմը, դատապարտյալների շփման սահմանափակումները դրսի աշխարհի հետ և ձեռնաշղթաների սիստեմատիկ կիրառումը։
Կոմիտեն, մյուս կողմից, բարձր է գնահատում բոլոր այն միջոցառումները, որոնք ձեռնարկվել են Հայաստանի իշխանությունների կողմից՝ 2014թ․-ի այցից հետո վերոնշյալ 2 քրեակատարողական հիմնարկներում։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ