Առևտրային բանկերի խոշորացումը իր մեջ ռազմավարական մեծ ռիսկեր է պարունակում. Աշոտ Խուրշուդյան
Առևտրային բանկերի խոշորացումը իր մեջ ռազմավարական մեծ ռիսկեր է պարունակում: Այս մասին այսօր «Դոլարի փոխարժեքը և ֆինանսական կայունությունը Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ ասաց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը` անդրադառնալով ՀՀ Կենտրոնական բանկի 2014 թ. տարեվերջյան որոշմանը, համաձայն որի` Հայաստանում գործող բանկերը մինչև 2017 թ. պետք է վեց անգամ մեծացնեն իրենց կապիտալի նվազագույն սահմանաչափը՝ 5 միլիարդ դրամից հասցնելով 30 միլիարդի:
Նրա խոսքերով, երբ նախորդ տարվա նոյեմբեր-դեկտեմբերին ֆինանսական շուկայում ճգնաժամ տեղի ունեցավ, որոշ տնտեսագետներ կանխատեսում էին, որ այս ճգնաժամին որոշ բանկեր չեն դիմանա, քանի որ տարբեր արժութային դիրքեր ունեն, ուստի տեղի կունենա բանկերի միաձուլման գործընթաց: Սակայն, Ա. Խուրշուդյանի խոսքերով, նույնիսկ իր համար ԿԲ-ի այս որոշումը շոկային էր` բարձրացնել հիմնական կապիտալը և դրանով իսկ ստիպել բանկերին միաձուլվել:
«Այդ գործընթացը պետք է բնական լիներ, իսկ այսպես ԿԲ-ն գուցե փորձեց այդ գործընթացը արագացնել: Բայց մյուս կողմից, դա ռազմավարական մեծ ռիսիկեր է իր մեջ պարունակում»,- ասաց նա և բերելով ԱՄՆ-ի օրինակը, նշեց, որ 2008թ-ի ֆինանսական ճգնաժամի ժամանակ հիմնականում ԱՄՆ-ի խոշոր բանկերը հայտնվեցին սնանկ վիճակում, իսկ փոքր բանկերը հեշտությամբ հաղթահարեցին ճգնաժամը:
Այսինքն, ըստ Ա.Խուրշուդյանի, ստիպելով, որ բոլոր բանկերը խոշորանան, մեծացնեն իրենց կապիտալը, ԿԲ-ն ապագա հնարավոր մեծ ճգնաժամի ժամանակ ռիսկի տակ կդնի ամբողջ ֆինանսական համակարգը:
Տնտեսագետի խոսքերով` Հայաստանում չկա արդյունավետ ֆինանսական շուկա ընդհանրապես, միայն կա բանկային շուկա:
«Ի դեպ, բանկերն էլ այսօր մենաշնորհային են, դրանց միջև մրցակցությունը շատ մեծ չէ և չկա պարզ, շուկայական այն գործքիները, որոնցով շուկան հնարավորություն կունենա արագ արձագանքել ցանկացած փոփոխության»,- ընդգծեց Ա.Խուշուդյանը:
Բացի այդ, ըստ նրա, մեր երկրում չկա սվոփ (փոխանակման) շուկա: Մինչդեռ տարիներ առաջ Հայաստանում եղել է ստվերային սվոփ շուկա, այսինքն` բոլոր փոխանակման կետերը փոխկապակցված էին և շատ արագ մեծ գումարները կարողանում էին փոխանակել: Սակայն ԿԲ-ն դա վերացրեց` փորձելով այն տեղափոխել միջբանկային շուկա կամ բորսա, բայց սա նունպես, ըստ Խուրշուդյանի, չկայացված, արդյունավետ չաշխատեց, քանի որ կանխիկ գործարքները դեռևս գերակայում են:
Հարցին, թե ԿԲ-ի որոշումից հետո որ բանկերը կարող են խնդիրներ ունենալ, Ա. Խուրշուդյանը նշեց, որ չի ցանկանում տվյալ բանկերի ավանդատուներին խուճապի մեջ գցել. «Բայց մի քանիսը կմիաձուլվեն, մի քանիսը կմեծացնեն կապիտալը: Կունենանք ավելի քիչ բանկ, քան նախկինում»:
Նա միաժամանկ նշեց, որ չի կարծում, թե բանկերի միաձուլումով մրցակցությունը կավելանա: