Ոսկու շուկայի սեփականատերը օրական շուրջ 1 միլիոն դրամի ստվերային եկամուտ է ստանում. «Ժողովուրդ»
Հայրենի պաշտոնյաներից ով չի ալարում, ստվերային տնտեսության դեմ պայքարելու մասին ելույթներ է ունենում: Մինչդեռ Երևանի Խորենացու փողոցում գործող ոսկու շուկան՝ ստվերային եկամուտներով ՀՀ-ում կարող է համարվել ռեկորդակիր: Պարզվում է, որ այստեղ միայն զուգարաններից այնքան եկամուտ են ստանում, որքան հազարավոր ընկերություններ նույնիսկ ամսական չեն վաստակում: Տարբեր հաշվարկներով այս շուկայում իրենց օրն անցկացնում է մոտ 10 հազար մարդ:
Շուկայում գործող երկու զուգարանի մուտքի գինը 100 դրամ է: Այսինքն՝ միայն զուգարանները շուկայի սեփականատիրոջն ապահովում են օրական շուրջ 1 միլիոն դրամի եկամուտ: «Ժողովուրդ»-ի հարցին, թե զուգարանից օգտվելու համար 100 դրամ գանձելը որքանով արդարացված է, շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը պատասխանել է. «Աշխատողներն օրը մեկ անգամ են վճարում, այն էլ՝ օճառի համար: Երկու տարի այդ զուգարանը վճարովի չէր, խոլերանոց էր: Աշխատողները խնդրեցին վճարովի դարձնել»: