«Տապոռ էր, թե չաքուջ էր, խփեցի գլխին, ընկավ ու սպանվեց էլի». Մանրամասներ՝ Շենգավիթում կատարված սպանությունից (տեսանյութ)
«Ավտոտնակում լկիտաբար հարձակվեց վրես, անպատվեց, հայհոյեց, տապոռ էր, թե չաքուջ էր խփեցի գլխին, ընկավ ու սպանվեց էլի»,-իր ինքնախոստովանական ցուցմունքում, ըստ ոստիկանության հաղորդման, այսպես է ներկայացրել Երևանի Շենգավիթ համայնքի բնակիչ Կ. Ոսկանյանը իր կողմից որդուն՝ Գ. Ոսկանյանին սպանելու պահը:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ին շենքի բակում տեղակայված, Ոսկանյաններին պատկանող ավտոտնակի հորում, հողով ծածկված, հայտնաբերվել է Գ. Ոսկանյանի դիակը` գլխի մասում բազմակի վնասվածքների հետքերով: Նույն օրը իր բնակարանից, սպանությունը կատարելու կասկածանքով, ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Գ. Ոսկանյանի հայրը` 1940 թ. ծնված Կ.Ոսկանյանը:
Նա խոստովանական բացատրություն է տվել, որ հունվարի 25-ին, ժամը 17.00-ի սահմաններում, իրենց շենքի բակում գտնվող, իրեն պատկանող ավտոտնակում կացնով մի քանի անգամ հարվածել է որդու գլխին, սպանել նրան և հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով` դիակը նետել կարտոֆիլի հորը և հողով ծածկել: Հետո գնացել է ոստիկանություն և տղայի անհայտ կորելու մասին ստահոդ հայտարարություն տվել:
ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Կ.Ոսկանյանը նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քննությունը շարունակվում է:
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում: