Քոլեջում միջավայրն ամբողջական թերլեմեզյանական է. տնօրեն
«Ինձ շատ է դուր գալիս Թերլեմեզյանի արվեստը: Հենց նրա ստեղծագործություններից ոգեշնչված սկսեցի նկարել: Այսօր արդեն սովորում է հենց իր անվան գեղարվեստի պետական քոլեջում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց առաջին կուրսի ուսանող Արուսյակ Մինասյանը:
Այսօր Փանոս Թերլեմեզյանի ծննդյան 150-ամյակի առթիվ քոլեջում կազմակերպել էին միջոցառումներ, բացվել դասավանդող նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը՝ նվիրված Փանոս Թերլեմեզյանի 150-ամյակին: Քոլեջում շրջայց է կատարել և ցուցահանդեսի բացմանը մասնակցել նաև նախագահը Սերժ Սարգսյանը:
Քոլեջի շրջանավատներից Լիլիթի խոսքով, այստեղ դրվում է այն հիմքը, որի վրա հետագայում կառուցում ես քո ապագան: «Փանոս Թերլեմեզյանն իր ստեղծագործություններում կարողացել է հասնել այն մակարդակին, որ այստեղ սովորող ցանկացած ուսանող պետք է ձգտի հասնել այդ մակարդակին»,- ասաց նա:
Լրագրողների հետ զրույցում Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը նշեց, որ թեև Թերլեմեզյանն անձամբ չի մասնակցել քոլեջի հիմնադրամը, բայց այնքան ներդրում ունի մշակութային դաշտում, Հայաստանի Առաջին հանրապետության հիմնաքարերի ձևավորման հարցում, որ 1941 թվականին նրա մահից հետո ընկերներն որոշել են գեղարվեստի տեխնիկումն անվանակոչել հենց նրա անունով. «Ստալինյան ռեպրեսիաների տարիներին ընկերներն այլ ձև չգտան արժևորելու ազգի նվիրյալին, հասարակական գործչին և այս հաստատությունն անվանակոչեցին նրա անունով»:
Նրա խոսքով, ուսումնական հաստատությունում ընդհանուր մթնոլորտը, միջավայրն ամբողջական թերլեմեզյանական է: «Ունենք 700-ից ավելի ուսանող՝ ազգային նկարագիրը կրող, փայլուն երիտասարդներ, ովքերը վաղը շարունակելու են կերտել մեր ապագան»,- ասաց քոլեջի տնօրենը:
Ա. Մնացականյանի խոսքով, այս տարվա ընթացքում քոլեջում կազմակերպելիք բոլոր միջոցառումները կապված են լինելու Հայոց ցեղասպանության թեմայի հետ, հատկապես նկատի ունենալով նաև այն փաստը, որ Փանոս Թերլեմեզյանը եղել է Վանի ինքնպաշտպանության կազմակերպիչներից. «Նա եղել է շատ լավ դիպուկահար»:
Նշենք, որ հոբելյանի առթիվ կազմակերպված միջոցառումների շարքում տեղի է ունեցել նամականիշի մարման արարողություն: Հայփոստ ՓԲԸ-ի կողմից նախագծված և տպագրված 2 նամականիշը՝ «Արվեստ. Փանոս Թերլեմեզյանի 150-ամյակը» թեմայով, շրջանառության մեջ է դրվում այսօրվանից: Նամականիշների վրա պատկերված են Փանոս Թերլեմեզյանի ինքնդիմանկարը՝ կատարված 1930 թվականին և «Սիփան սարը Կտուց կղզուց» կտավը (1915թ.):
Գեղարվեստի պետական քոլեջում կայացել է նաև ՀՀ կենտրոնական բանկի թողարկած՝ «Փանոս Թերլեմեզյան-150» հուշադրամի շնորհանդեսը: Հուշադրամի դիմերեսին պատկերված է Փ. Թերլեմեզյանի «Վանա լիճը և Սիփան սարը Կտուց կղզուց» կտավից դրվագ, իսկ դարձերեսին՝ Թերլեմեզյանի «Տաթևի վանքը» կտավից և նրա ինքնադիմանկարից դրվագներ:
Նախորդող հրապարակում՝