Ցեղասպանության ճանաչում. Եվրոպական իշխող քաղաքական ուժի աջակցությունը շատ կարևոր էր
Ինչպես արդեն հայտնի է՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական համաժողովն այսօր Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև է ընդունել: «Հայոց ցեղասպանությունն ու Եվրոպական արժեքները» խորագրով բանաձևը ներկայացվել է հայկական երեք ՝ «Հանրապետական», «Ժառանգություն» և «Օրինաց երկիր» կուսակցությունների կողմից և դրա ընդունումն, իրավամբ, լուրջ քայլ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և պատմական արդարության վերականգնման ճանապարհին:
Panorama.am-ը կապ հաստատեց այժմ Բրյուսելում գտնվող հայկական պատվիրակության անդամ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ՝ ծանոթանալու հիշատակված բանաձևի մանրամասներին:
«Եվրոպական իշխող քաղաքական ուժի նման աջակցությունը ստանալը շատ կարևոր էր Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի համար: Բանաձևի խորագիրն արդեն իսկ հուշում է, որ Եվրոպական քաղաքական խոշորագույն ընտանիքն, ինչպիսին ԵԺԿ-ն է, իր քաղաքականության մեջ առաջնորդվում է նաև այն արժեհամակարգով, որը դրված է Հայոց ցեղասպանության ճանաչման գաղափարախոսության հիմքում՝ այն է ճանաչել Ցեղասպանությունը և դատապարել այն՝ ոգեկոչելով զոհերի հիշատակը, ինչպես նաև կոչ անել Թուրքիային սեփական անցյալի հետ առերեսվելու և անցյալը հաղթահարելով հարևանների հետ իր ապագան կառուցել ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հարցում: Ուզում եմ հատուկ շեշտել, որ այս հաջողությունը հնարավոր դարձավ ԵԺԿ-ում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի միասնական ջանքերով: Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկեր կուսակցություններին: Մի կողմ դնելով կուսակցական տարաձայնությունները, որը բնական է քաղաքական պայքարում, մենք ունակ ենք միավորելու և առաջ տանելու պետական շահը»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Աշոտյանը՝ տեղեկացնելով, որ բանաձևն ընդունվել է առանց դեմ ձայների:
Աշոտյանի փոխանցմամբ, բանաձևը կարող է ունենալ հետագա քաղաքական զարգացումներ՝ հաշվի առնելով այն, որ ԵԺԿ-ն ներկայացված է Եվրոպական տարբեր ինստիտուտներում՝ Եվրահանձնաժողովում, Եվրոխորհրդարանում, ԵԽԽՎ, ԵԱՀԿ և ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովներում, ինչպես նաև բազմաթիվ այլ հարթակներում:
«Բանաձևը մեխանիկորեն չի բերելու հաջողությունների: Մենք պետք է այն դարձենք լրացուցիչ միջոց՝ տարբեր Եվրոպական ինստիտուտներում Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման և ժխտողականության դատապարտման հետ կապված: Աշխատանքի մեծ ծավալ է բացվում, որը պետք է իրականացվի ինչպես ազգային ու պետական, այնպես էլ անհատական մակարդակներում»,-հավելեց նա:
Համաժողովի ավարտին հայկական պատվիրակության անդամները Ցեղասպանության վերաբերյալ տեղեկատվական նյութեր են բաժանել մասնակիցներին. «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշեր անմոռուկներ ենք բաժանել ԵԺԿ անդամ կուսակցությունների ներկայացուցիչներին, որոնք շատ արագ սպառվեցին: Այս քայլով բոլորին բացատրեցինք, թե ինչ է խորհրդանշում Հայոց Ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկը և ինչ բարոյական քայլ կլինի նրանց կողմից այդ խորհրդանիշի կիրառումը»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Հավելենք, որ համաժողովին «Ժառանգություն» կուսակցությունից մասնակցել է Րաֆֆի Հովհաննիսյանը, ՕԵԿ-ից՝ Մհեր Շահգելդյանը, իսկ «Հանրապետական» կուսակցությունից՝ Արմեն Աշոտյանն ու Արտակ Զաքարյանը:
Նախորդող հրապարակումներ՝
Եվրոպական ամենախոշոր քաղաքական կուսակցությունը՝ ԵԺԿ-ն ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և նշում 100-ամյա տարելիցը
«Այս բանաձևը ևս մի քայլ է` ուղղված ցեղասպանական հանցագործության ժխտողականության դեմ»
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին