Մենք թոշակի գնացողը չենք. Գալուստ Սահակյան
«Ես ուշի-ուշով հետևել եմ բոլոր ելույթներին ու եկել այն եզրակացության, որ մի տեսակ վերջին շրջանում բոլորը ձգտում են ոչ թե տեսակետներ հայտնել, այլ սեփական փիլիսոփայությունը ներկայացնել հասարակությանը»,- այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում ասաց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը:
Նշենք, որ նիստի ժամանակ քննարկվում էր «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը:
«Մենք անհատականացրինք ելույթները, իհարկե եղան նաև առաջարկություններ, որոնք կարելի է ընդունել: Իսկ ինչ է նշանակում` ում չեմ սիրում, նա նախագահ չէ, ում սիրում եմ` նախագահ է: Իսկ ով ասաց, թե այս օրենքն անձին է վերաբերում, սա նախագահի ինստիտուտին է վերաբերում: Ճիշտ չէ բերել անձնական ամբիցիաները ԱԺ և սեփական փիլիսոփայությունը մատուցել հանրությանը: Երբեք չէի մտածել, որ այս նախագիծն այսքան երկար կտևի: Մենք ասում ենք, որ պետական ինստիտուտները պետք է հարգել: Մարդ կա չի հարգում և եթե որոշակի արտոնություններ չտրվեն, ապա որ պետությունն է մեզ հարգելու»,- ասաց Գ.Սահակյանը:
ԱԺ նախագահի խոսքերով` Լևոն Տեր-Պետրոսյանի ամենաընդգծված քննադատներից մեկն ինքն է եղել, սակայն դա վերաբերել է ոչ թե անձին, այլ գործողություններին: «Ուրեմն դա նշանակում է, որ մեր պատմության մեջ Լ.Տեր-Պետրոսյանը որևէ դերակատարում չի ունեցե՞լ: Ինչպես կարող ենք չհարգել այն, որ ժամանակին ժողովուրդը հետևեց նրա կոչերին, ինչպես անկախացանք, ինչպես պատերազմը հաղթանակեցինք: Այս ամեն ինչը եղել է, այլ բան է, որ բոլորս մարդ ենք և կարող ենք թերություններ, սխալներ ունենալ, ուրեմն նշանակում է մեր պետության պատվախնդրությունը ձեր փիլիսոփայությամբ հողին մի հավասարեցրեք: Այս ամբիոնը հարգեք մի քիչ»,- նշեց Գ.Սահակյանը:
Ըստ նրա` ինքն էլ կարող էասել, որ այս տարիների ընթացքում իրեն նվաստացած է զգացել, որ եղած-չեղածները նախագահի թեկնածու առաջադրվեցին:
«Կային մարդիկ, որ անհաջողության մատնվեցին, բայց բավականին ինտելեկտով էին»,- նկատեց ԱԺ նախագահը:
Ինչ վերաբերում է արտոնություններին, Գ.Սահակյանն ասաց, որ բերեք ԱԺ նախագահին էլ, վարչապետին էլ, պատգամավորիներին էլ նույն արտոնությունները տանք, բայց այս օրենքում ընդամենը փոփոխություններ են կատարվում. «Հումորով պետք է ասեմ, որ այս օրենքը չի կարող ԱԺ նախագահին ու վարչապետին վերաբերի, քանի որ մենք թոշակի գնացողը չենք»:
Գ.Սահակյանի խոսքերով` պետք է կարողանանք մեր արժեքները գնահատել: Ըստ ԱԺ նախագահի` նախագծերը պետք է ընդունվեն, քանի որ դրանք վերաբերում են ոչ թե կոնկրետ նախագահներին, այլ մեր արժանապատվությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը