«Օֆշորի գործով» կալանավորված Աշոտ Սուքիասյանը բուժել է ատամները և սպասում է նախաքննության ավարտին
«Օֆշորի գործ» անվանումն ստացած ադամանդի բիզնեսով զբաղվող գործարար Աշոտ Սուքիասյանի նկատմամբ հարուցված քրեական գործով նախաքննությունը շուտով, հավանաբար մինչև ապրիլ, կավարտվի: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Աշոտ Սուքիասյանի փաստաբան Յուրիկ Խաչատրյանը:
«Մեկ անգամ արդեն երկարացվել է քրեական գործի նախաքննությունը, կան մի քանի փորձաքննություններ, որոնց արդյունքներն ստանալուց հետո նախաքննությունը կավարտվի: Նյութերը կտրամադրեն ինձ, կծանոթանամ դրանց հետ և նոր միայն կարող եմ նախաքննության վերաբերյալ գնահատական տալ, բացի այդ մի քանի միջնորդություններ պետք է ներկայացնեմ», -ասաց փաստաբանը՝ այնուամենայնիվ, չմանրամասնելով միջնորդությունների բնույթը:
Խաչատրյանի խոսքով, նախաքննության շրջանակներում չի հաջողվել հարցաքննել Աֆրիկայում գործարարի հետ կապ ունեցած, աշխատած անձանց՝ Ռուբեն Մկրտչյանին, «բելառուսցի Սերգեյին», ինչի պատճառով նախաքննությունը կարող է լիարժեք չհամարվել:
«Նրանց մասին որևէ տեղեկություն չկա», -նկատեց փաստաբանը:
Աշոտ Սուքիասյանը, նրա խոսքով, շարունակում է պնդել իր անմեղությունը, իսկ գործին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մասնակցության մասին որևէ փաստ առկա չէ:
Ինչ վերաբերում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանքը կրող Աշոտ Սուքիասյանին, ապա նրա առողջական վիճակը լավ է:
«Տեղի բժիշկների օգնությամբ նա սարքել է ատամները, սկսել է ուտել, թե չէ առաջ ատամները ցավում էին, լավ չէր ուտում նիհարել էր», -ասաց Խաչատրյանը:
Նախաքննական մարմինը դեռևս 2013 թվականի հունիսի 17-ին Աշոտ Սուքիասյանին կալանավորելու որոշում էր կայացրել ու նրա նկատմամբ հետախուզում հայտարարել: Այնուհետև գործարարը Վրաստանից արտահանձնվեց Հայաստանի իրավապահ մարմիններին: Սուքիասյանը մեղադրվում է խոշոր չափի խարդախության, առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու մեջ: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3րդ մասի 1-ին կետի, 184 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Այս գործն առնչվում էր գործարար Փայլակ Հայրապետյանի հետ, որի գործունեության վերաբերյալ կատարած հետաքննության մեջ «Հետք»-ը ( http://hetq.am/arm/ ) պարզել էր, որ գործարարի գույքի դիմաց ստացված մոտ տասը միլիոն դոլարը Աշոտ Սուքիասյանը փոխանցել է օֆշորում գրանցված մի քանի կազմակերպությունների ՝ այդ թվում WLISPERA HOLDINGS -ին: Նույն պարբերականի հրապարակման մեջ նշվում էր նաև, որ այդ կազմակերպության բաժնետերեր են Աշոտ Սուքիասյանից բացի, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արք. Կճոյանը:
Սակայն Սուքիասյանը դեռևս հետախուզման մեջ գտնվելու ժամանակ նամակ էր գրել գլխավոր դատախազությանն ու «Հետք»-ին, որտեղ ասված էր. «Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը` WLISPERA HOLDINGS LIMITED-ին: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ և ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետևանքներ ունենալ»:
Ավելի վաղ փաստաբանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ սա կլիներ «շարքային մի գործ», եթե չշոշափվեր նախկին վարչապետի ու սրբազանի անունները:
«Այդպիսի գործարքներ ամեն օր են կատարվում, ուղղակի այս անգամ մի քիչ քաղաքական երանգ տրվեց: Թող նախաքննությունն ընթանա, հետո ես մանրամասն կներկայացնեմ», -ասել էր նա:
Հարակից հրապարակում
Օֆշորի գործով կալանավորված Աշոտ Սուքիասյանի մեղքը քաղաքացիաիրավական հարթության վրա է, ոչ թե քրեական. Փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին