Երևանում քրեական հեղինակության և մյուսների սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
Այսօր Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած 3 անձանց սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի միանգամից երկու հոդվածով՝ ՀՀ քր. Օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին մասի՝ (մեկից ավելի անձանց սպանություն) և 235 հոդվածի՝ (ապօրինի զենք պահելը) հատկանիշներով: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց ՀՀ Քննչական կոմիտեի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ կատարվածի մասին ահազանգն ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանի գլխավորությամբ։
«Ստեղծվել է քննչական խումբ, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ դեպքի հանգամանքները և հանցագործությունը առերևույթ կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,- ասաց քննչական կոմիտեի ներկայացուցիչը:
Նրա տեղեկացմամբ, այս գործը գտնվում է ՀՀ Քննչական կոմիետի Հատուկ կարևորագույն գործերի քննության գլխավոր վարչության վարույթում։
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Նուբարաշենում կրակոցների հետևանքով երեք անձ մահացել էր: Ոստիկանությունը հրապարակել էր միայն նրանցից երկուսի անունները՝ Լևոն Ղազարյան և Դրաստամատ Թադևոսյան: Լևոն Ղազարյանը քրեական հեղինակություն համարվող «Երրորդմասցի Լյովն» է: