ՀՀԿ խոսնակ. Մենք հարգանքով ենք վերաբերում Գագիկ Ծառուկյանի որոշմանը
«Գոհ կամ դժգոհ լինելը քաղաքական կատեգորիաներ չեն: Այո, ընթերցել եմ պարոն Ծառուկյանի ելույթը, նա այնտեղ հստակ նշել է պատճառներն՝ ինչու է դուրս գալիս քաղաքականությունից: Մենք հարգանքով ենք վերաբերում Գագիկ Ծառուկյանի որոշմանը»,- ՀՀԿ Գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք գոհ են, որ ԲՀԿ արդեն նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանը դուրս է գալիս քաղաքականությունից:
Հիշեցնենք, որ այսօր ԲՀԿ արտահերթ համագումարում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր. « Այսօր եկել է այն պահը, երբ ես որոշում եմ կայացրել՝ այլևս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ, վայր դնել կուսակցության նախագահի և խմբակցության ղեկավարի լիազորությունները: Սա չի եղել հեշտ որոշում, սա երկար մտորումների արդյունք է: Սա իմ անձնական որոշումն է, և ես ակնկալում եմ, որ դուք ըմբռնումով կմոտենաք»: ԲՀԿ նախագահ է ընտրվել Նաիրա Զոհրաբյանը, ով հայտարարել է, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է:
«Իմ խորին համոզմամբ՝ ճիշտն այն է, որ քաղաքական դաշտում հստակ տարանջատում լինի: Պետք է լինի իշխանություն և ընդդիմություն: Այլընտրանք տերմինն ինձ համար անհասկանալի է, որովհետև քաղաքագիտության մեջ նման տերմին չկա: Հիմա ԲՀԿ-ն ինչպիսի մարտավարություն է որոշում, իրենց որոշելիքն է, և մենք այստեղ միջամտելու խնդիր չունենք: Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք պատրաստ են ոչ թե միայն քննադատել, այլ նաև առաջարկներ ներկայացնել, որոնք կառուցողական են: Թե ինչ կլինի հետագայում` կապրենք, կտեսնենք »,- ասաց Է. Շարմազանովը՝ հավելելով, որ մեկ օրում ինստիտուցիոնալ ընդդիմություն չեն դառնում, երկար ճանապարհ պետք է անցնել:
Նրա խոսքով, այժմ ԲՀԿ-ն արդեն այլ կուսակցություն է՝ նոր ղեկավարով ու պետք է հստակեցնի իր մարտավարությունը:
Է.Շարմազանովն ասաց, որ Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական և գաղափարական կուսակցությունը Հանրապետականն է:
«Ես այս պահին չեմ տեսնում առավել կուռ, կառուցողական քաղաքական ուժ, քան ՀՀԿ-ն է»,- նշեց ՀՀԿ խոսնակը: