«Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության ժամանակ բանվորը 1 մլն դրամի գողություն է կատարել
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի օրերս կայացրած դատավճռի համաձայն 38-ամյա Գեղամ Մինասյանը պատժվել է 600 հազար դրամ տուգանքով՝ «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության ժամանակ որպես բանվոր 1 մլն դրամի գողություն կատարելու համար:
Մասնավորապես, դատավճռից տեղեկանում ենք, որ նա մեղադրվել է «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարության ժամանակ որպես բանվոր աշխատելով Երևան Երասխ մայրուղու Արտաշատ քաղաքից մինչև Մասիս քաղաքն ընկած ճանապարահատվածի շինարարության իրականացման ընթացքում աշխատանքի ավարտից հետո նշված ճանապարհահատվածից գողացել է շինարարությունն իրականացնող «Կորսան Կորվիամ կոնստրուկցիոն» ընկերությանը պատկանող խոշոր չափերով՝ ընդհանուր 1.083.000 ՀՀ դրամ արժողությամբ թվով 1600 հատ երկաթյա ձուլակտորներ:
Արարատի մարզի դատախազության կողմից խոշոր չափերով գողություն (ՀՀ քրեական օրենսգիրք 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ) կատարելու համար մեղադրվող 38-ամյա տղամարդու միջնորդությամբ դատական գործընթացն անցել է արագացված ընթացակարգով: Նա հայտարարել է, որ ընդունում է մեղքը և ամբողջությամբ վերականգնել է գույքային վնասը:
Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը որպես պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ համարել է Մինասյանի մեղայականով ներկայանալը, ինչպես նաև նրա անկեղծորեն զղջալը և մեղքը լիովին ընդունելը:
Դատարանը նաև հաշվի առնելով, որ տուժած ընկերությունը բողոք կամ հայցապահանջ չի ներկայացրեց Գեղամ Մինասյանի նկատմամբ, գտել է, որ Մինասյանին մեղսագրված արարքի համար նախատեսված պատիժներից նվազ խիստ տեսակը` տուգանքը կարող է ապահովել պատժի նպատակները, հետևաբար նրա նկատմամբ պատիժ պետք է նշանակել տուգանքի ձևով:
Այսպիսով, դատարանը վճռել է մեղավոր ճանաչել Գեղամ Մինասյանին խոշոր չափերով գողություն կատարելու մեջ ու նշանակել պատիժ տուգանքի ձևով՝ 600 հազար դրամով: