«Չաո ԽՍՀՄ»… Լուսանկարչի ուղերձը երևանցինեին՝ «սթափվեք» (լուսանկարներ)
«Իհարկե, այս լուսանկարները ուրախ հուշեր են արթնացնում, քանի որ ամեն մի շենքին նայելիս, իմ մանկության, երիտասարդության տարիների հետ կապված հետաքրքիր դեպքեր եմ հիշում, միաժամանակ տխրեցնում են, քանի որ վկայում են այն մասին, որ դրանք այլևս չկան»,- լուսանկարիչ Հայկ Բիանջյանի «Չաո ԽՍՀՄ» ֆոտո ցուցահանդեսի և անձնական հավաքածուի ցուցադրության բացման ժամանակ Panorama.am-ի հետ զրույցում ասաց այցելուներից Գայանեն:
Ցուցահանդեսում ներկայացված է ավելի քան 130 լուսանկար՝ խորհրդային շրջանում Երևանում կառուցված շենքեր, որոնք այսօր արդեն չկան, կամ քանդման եզրին են, ինչպես նաև ոչնչացվող շենքերի մառաններից հայտնաբերած իրար, փաստաթղթեր:
«Ամեն անգամ ինձ դժվար էր գնալ ու լուսանկարել հերթական ոչնչացվող շենքը, քանի որ իմ մանկության հուշը կորցնելու փասն էի արձանագրելու: Ցավալի է, որ մենք կորցնում ենք մեր մանկության Երևանը: Մեռանք ոստիկանների հետ վիճելով, բայց իրենք էլ մեղք չունեն: Մեղքը նրանցն է, ովքեր անտարբերության են մատնել քաղաքը»,-ասաց լուսանկարիչ Հայկ Բիանջյանը:
Նրա խոսքով, պետք է բոլորին հասկացնել, որ այս ամենը, ինչ ներկայացված է այստեղ, ինչ ունենք մեր քաղաքում, մեր բոլորի պատմությունն է. «Ով ոտք է դնում Երևան, նախ ցանկանում է տեսնել խորհրդային շրջանի պատմությունը»:
«Շենքերը ոչնչացվում են մեր բոլորի անտարբերության արդյունքում: Այս ցուցահանդեսն իմ հերթական ուղերձն է երևանցիներին՝ սթափվեք մարդիկ: Անհրաժեշտ է ձեռնարկել իրական քայլեր, ձայն հանել, ոչ թե հետո բողոքել, որ քանդեցին»,- ասաց Հ. Բիանջյանը:
Պատասխանելով հարցին, թե ձայն հանող կա, բայց արձագանքող չկա, լուսանկարիչը նշեց. «Ձայն հանողները քիչ են: Եթե լիենին հազարներով, ավելի ճիշտ այդ ձայնը տեղ կհասներ»:
Հ. Բիանջյանը ցանկություն ունի մի օր բացել Երևանի հիշողության թանգարան:
Ցուցահանդեսի լուսանկարներն՝ այստեղ: