Արամ Առաջին. Այսօր հայ ժողովուրդը պահանջատեր է
Անթիլիասում նշել են Ծաղկազարդի տոնը, որին մասնակցել են բազմահազար հայ մանուկներ իրենց ծնողների հետ: Այս մասին տեղեկանում ենք Կիլիկիո Կաթողիկոսության պաշտոնական կայքից: Անթիլիասի մայրավանքում հավաքված ժողովրդի առջև Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը հանդես է եկել հայրապետական խոսքով, որի ընթացքում անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
«Չմոռանաք, որ 100 տարի առաջ ցեղասպան թուրքը ցանկացել է բնաջնջել հայ ժողովրդին ու ջնջել Հայաստանն աշխարհի քարտեզից: Սակայն չի հաջողվել: Այսօր հայ ժողովուրդը հարություն է առել՝ իր ազատ, անկախ հայրենիքով, ինքնիշխան Արցախով ու կազմակերված սփյուռքով: Այսօր հայ ժողովուրդը պահանջատեր է: Պահանջում է Հայոց Ցեղասպանության ճանաչում և իր իրավունքների հատուցում: Այս ոգով և հանձնառությամբ մենք պետք է մեր մանուկներին դաստիարակենք մեր ընտանիքներում և դպրոցներում»,- կոչով հավաքվածներին դիմել է Վեհափառ Հայրապետը: