Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվում է Ինտերակտիվ ուսումնական կենտրոն
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում բացվում է Ինտերակտիվ ուսումնական կենտրոն՝ ընթերցարան-գրադարան, որտեղ զետեղված են արվեստի վերաբերյալ գրքեր և պատկերագրքեր, ինչպես նաև հասանելի են աշխարհի խոշոր թանգարանների և արվեստի հաստատությունների թվայնացված հավաքածուների և տվյալների բազաների առցանց շտեմարանները: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին արվեստի կենտրոնից:
Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը ներկայացնում է մոդեռն և ժամանակակից արվեստին առնչվող եզակի գրքերի ընտրանի Ջերարդ Լ. Գաֆէսճեան հավաքածուից, ինչպես նաև հայ արվեստին և արվեստագետներին վերաբերող ցուցահանդեսային պատկերագրքեր ու մենագրություններ ԳԱԿ-ի գրադարանից: Մոտավորապես 600 գիրք, ցուցահանդեսային կատալոգ և մենագրություն անվճար հասանելի կլինեն հետազոտողների, արվեստով զբաղվող ուսանողների և հանրության համար: Ինտերակտիվ ուսումնական կենտրոնում նաև գործում է հատուկ անկյուն ընտանիքների համար, որտեղ ծնողներին ու երեխաներին առաջարկվում են ստեղծագործական գրքեր և զարգացնող խաղալիքներ, որոնք կխթանեն երևակայությունը և սերը դեպի ընթերցանությունը: Ինտերակտիվ ուսումնական կենտրոնում նաև կանցկացվեն գրքերի շնորհանդեսներ և այլ մշակութային միջոցառումներ:
«Այս նոր նախաձեռնությամբ՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ստեղծում է ուսումնասիրությունների այլընտրանքային տարածք ոլորտի մասնագետների և հանրության համար՝ առաջարկելով հարուստ գրականություն արվեստի և արվեստի պատմության վերաբերյալ: Այսուհետ մեր այցելուները կարող են առավել հետաքրքիր անցկացնել իրենց ժամանակը Կենտրոնում՝ վայելելով նաև ընթերցանության և ուսումնասիրության հնարավորությունները»,- նշում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:
Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը բաց կլինի երեքշաբթի-հինգշաբթի օրերին ժամը 10:00-17:00, իսկ ուրբաթ-կիրակի՝ 10:00-20:00:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները