Պատերազմի սպառնալիքը կարող է հանգեցնել միայն մեկ ելքի` պատերազմի. Սերգեյ Մինասյան
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պաշտոնական Բաքվի որդեգրած սադրանքների քաղաքականությունը որևէ պարագայում չի կարող հանգեցնել հայկական կողմի միակողմանի զիջման: Անդրադառնալով շփման գծում ստեղծված իրավիճակին, լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը` հավելելով, որ Ադրբեջանի նման գործելակերպը ամենևին նորություն չէ:
«Ադրբեջանը 2011թ-ից սկսած փորձում է օգտագործել շփման գծում ստեղծված իրավիճակը որպես ճնշման լծակ թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքական զարգացումներում: Պատերազմի սպառնալիքը կամ վերսկսման հնարավորությունն օգտագործելով ՄԱԿ-ում փորձում է բանակցային գործընթացում հասնել իր համար ցանկալի զարգացումների»,-նշեց Սերգեյ Մինասյանը:
Ըստ քաղաքագետի` Բաքվի նման քաղաքականությունը լիովին անիմաստ է, քանի որ պատերազմի սպառնալիքը կարող է հանգեցնել միայն մեկ ելքի` պատերազմի, բայց ոչ երբեք հայկական կողմի միակողմանի զիջման:
Քաղաքագետը շեշտեց, որ ՀՀ և ԼՂՀ զինված ուժերը հստակ գիտակցում էին, որ Ադրբեջանը կդիմի սադրանքների, մանավանդ այն բանից հետո, երբ Բաքուն, ըստ էության, մերժեց ԵԱՀԿ Մինսկի խմբի այն առաջարկությունը, ըստ որի` Բաքուն պետք է զերծ մնա Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների նախաշեմին սահմանին բանեցվող սադրանքներից, փոխարենը` ստանալով Բաքվում կայանալիք առաջին Եվրոպական խաղերի ընթացքում որևէ քայլի չդիմելու` հայկական կողմի երաշխիքները:
Միևնույն ժամանակ Սերգեյ Մինասյանը չի կարծում, որ Բաքուն իրականում կգնա լայնամասշտաբ պատերազմական գործողությունների վերսկսման, քանի որ այդ պարագայում ավելի տրամաբանական կլիներ ոչ թե դիմել սահմանային սադրանքների, այլ որոշակի անդորր պահպանելով փորձել թուլացնել հայկական կողմի զգոնությունը, փորձել օգտվել անսպասելիության գործոնից:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ