«Ոստիկանությունը չի խոչընդոտում աղանդների գործունեությանը, խոչընդոտում է նրանց դեմ պայքարողներին»
«Եթե մի երկրում կրոնական կազմակերպությունը սպառնում է ազգային անվտանգությանը, փակում են, իսկ մեզ մոտ այդպես չէ, քանի որ վախենում են Եհովայի վկաներն աղմուկ բարձրացնեն և ԵԽԽՎ ինչ-որ զեկույցում Հայաստանի ժողովրդավարությունը հարցականի տակ դնի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ-ի նախագահ Սևան Աղաջանյանը:
Նրա խոսքով, Հայաստանում օտարածին աղանդների քայքայիչ գործունեությունը ծավալելու համար լույս է վառվել. «Եհովայի վկաները լուրջ սպառնալիք են Հայաստանի ազգային անվտանգությանը, քանի որ չեն ենթարկվում ոչ մի հասարակական, պետական ինստիտուտի, մերժում են Հայաստանի Սահմանադրությունը, դրսում ազատորեն քարոզ են անում, տեղադրում են ստենդներ՝ ներկայացնելով իրենց գրականությունը»:
Ըստ նրա, ոստիկանությունը չի խոչընդոտում նրանց գործունեությանը, մինչդեռ խոչընդոտում է նրանց դեմ պայքարողներին:
«Հայաստանի Սոցիալիստական շարժման» ղեկավար Ռոբերտ Ահարոնյանն ասաց, որ ենթարկվել է վարչական պատասխանատվության, քանի որ կանգնել է փողոցում՝ Եհովայի վկաների տեղադրած ստենդի առջև, կարդացել է «Հայր մերն» ու խունկ վառել:
«Հայաստանը շատ վատ վիճակի մեջ է, քանի որ մեր ազգը պառակտվում է ամենադաժան ձևով»,- նշեց նա՝ հավելելով, որ անհրաժեշտ է միասնական պայքար մղել Եհովայի վկաների դեմ:
Ռ. Ահարոնյանն ասաց, որ իրենք չեն դիմել Հայ առաքելական եկեղեցուն, չեն էլ դիմի իրենց պայքարին միանալու համար, քանի որ, կարծում է, եկեղեցին պետք է խնդրի իրենց:
«Գլոսսա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Աշոտ Համբարձումյանն ասաց, որ այսուհետև թեժ պայքար են մղելու Եհովայի վկաների դեմ: