Սերբահայ գեղանկարչի ստեղծագործությունների ցուցահանդեսը Երևանում (լուսանկարներ)
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և Հայաստանում Սերբիայի Հանրապետության պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանի նախաձեռնությամբ այսօր, Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում բացվել է սերբահայ գեղանկարիչ Անամարիա Վարդապետյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը:
Մշակույթի նախարարության Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Կյանք» խորագրիրը կրող ցուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ներկայացված են բնանկարներ, հայկական և սերբական մշակույթի հուշարձանները պատկերող նկարազարդումներ, ինչպես նաև հայ և սերբ արվեստագետների դիմանկարներ:
Սերբահայ նկարչուհին իր՝ նոր սերտվող հայերենով ողջունել է ներկաներին: Պատմել է, որ իր պապերը Արևմտյան Հայաստանից՝ Կարինից են եղել: Նրա մայրը սերբ է, հայրը՝ հայ:
«Իմ աշխատանքներում սերբական և հայկական մշակույթները ներդաշնակ լուծումներ են գտնում, բայց այս ցուցահանդեսը շատ կարևոր էր ինձ համար հատկապես Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ»,- նշել Վարդապետյանը:
Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը ափսոսանք է հայտնել, որ գեղնկարիչը չի ապրում և ստեղծագործում Հայաստանում, բայց վստահեցրել է , որ այս ցուցադրությունը մեծացնելու է կապը հայրենիքի հետ: Նա նշել է, որ հետագայում Նկարիչների Միությունը սիրով կհյուրընկլալի սերբահայ հեղինակին ՝ իր ցուցադրություններով:
«Նման ցուցադրությունները փաստում են, որ հին մորթվողի հոգեբանությունը մի կողմ է դրվում, Թուրքիան մոլորակի թիվ մեկ մեղքի բեռնակիրն է, մենք եղել և մնում ենք լույսի մշակույթի, գիտության, հարատևման բեռնակիրը: Այս զուգահեռում սaհամնակաից երկիրը իրապես տանուլ է տվել »,- նշել է ժողովրդական ստեղծագործության կենտրոնի տնօրեն Հովիկ Հովեյանը:
Հայաստանում Սերբիայի Հանրապետության պատվո հյուպատոս Բաբկեն Սիմոնյանն էլ նշել է, որ Սերբիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ նախագծի մշակմանն առնչվող աշխատանքներ են իրականացվում:
Անամարիա Վարդապետյանը սերբիայի նկարիչների միության անդամ է, Բելգրադի արվեստի համալսարանի մագիստրոս և բարձրագույն մասնագիտական քոլեջի դասախոս Անամարիա Վարդապետյանն արտերկրում և Սերբիայում մասնակցել է 32 անհատական և 80 խմբակային ցուցահանդեսի:
Ցուցահանդեսը բաց է մինչ ապրիլի 25-ը :
Լուսանկարները՝ Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի: