«Հիշում եմ և պահանջում». Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում՝ սահմանամերձ Չորաթանում
Հանրապետության տարբեր մարզերում շարունակվում են տարաբնույթ միջոցառումները` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Կրթօջախներում կազմակերպվող ցերեկույթները բովանդակային առումով հագեցած են:
Նման միջոցառումներից մեկն էլ անցկացվեց Տավուշ մարզի Չորաթան գյուղում: Չորաթանը սահմանամերձ գյուղ է, որտեղ ապրող մարդիկ փորձում են ակտիվ պահել գյուղի կյանքը, հայրենասիրություն և ազգասիրություն փոխանցել մատաղ սերնդին:
«Մխիթար» երիտասարդական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումը կրում էր «Հիշում եմ և պահանջում» խորագիրը: Կենտրոնի սաները արտասանեցին Պարույր Սևակի «Անլռելի զանգակատունը», կատարեցին թեմային համահունչ երգեր և պարեր: Այս միջոցառումը մեկ անգամ ևս փաստեց, որ սահմանամերձ գյուղում հայրենասիրության պակաս պատանիների մոտ չկա, այս երեխաները փոքր տարիքից սահմանապահ ու զինվոր են և երբեք իրենց բնակավայրը ոչ ոքի չեն տա:
Միջոցառմանը մասնակցում էին ոչ միայն համայնքի բնակիչները, այլև Երևանից ժամանած հյուրեր: Միջոցառման շրջանակում Հայաստանի «Մխիթարյան» կենտրոնի ղեկավարն արժանացավ Չորաթանի պատվավոր քաղաքացու կոչմանը:
Ցերեկույթին մասնակցում էր 15-ամյա Հայկ Քալանթարյանը: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ այս տարելիցը նշում են ոչ խոնարհված, ոչ երկյուղով, այլ հպարտությամբ` որպես վերածննդի ազգ:
Նշենք, որ Հայկը մասնակցել է «Dasaran» կրթական ծրագրի հայտարարած «Ես տասը տարի անց» խորագրով շարադրությունների մրցույթին: Մրցույթի շրջանակում հանձնաժողովի կողմից լավագույնը ճանաչված տասնհինգ աշխատանքների թվում է նաև Հայկի շարադրությունը: Ապագա տնտեսագետը շարադրությունում ներկայացրել է հայրենի գյուղի զարգացման տեսլականը, պատերազմի մասին իր խոհերը, ինչպես նաև Հայաստանը գիտական կենտրոն վերածելու իր գաղափարը:
Նշենք նաև, որ 2001 թվականից Չորաթանում գործում է «Մխիթար» երիտասարդական կենտրոնը, որտեղ անվճար հիմունքներով գործում են մի քանի խմբակներ՝ ասեղնագործություն, նկարչություն, սպորտ, համակարգչային դասեր և այլն: Այն գտնվում է Հայաստանի «Մխիթարյան» կենտրոնի հովանավորության տակ: Կենտրոնում աշխատում է 8 մարդ՝ հիմնականում երիտասարդ: Այսպիսով, կենտրոնը նաև սոցիալական խնդիր է լուծում՝ փորձելով կրճատել արտագաղթը սահմանամերձ Չորաթանում: