«Քարֆուր» հիպերմարկետը չի արդարացնում սպասելիքները. «Ժողովուրդ»
Մինչև հասարակության որոշ շերտեր մեծ ոգևորությամբ խոսում էին ֆրանսիական «Քարֆուր»-ի՝ Հայաստանում բացվելիք մասնաճյուղերի մասին, հիպերմարկետի բացումից հետո պարզվեց, որ այնքան էլ սպասված չէր, քանի որ սննդամթերքի մեծ մասը տեղական արտադրանք է և վաճառվում է ավելի թանկ գնով, քան հայաստանյան ցանկացած խանութում ու սուպերմարկետում: Բայց այսօր «Քարֆուր»-ից դժգոհում են Հայաստան կենցաղային տեխնիկա ներմուծող տնտեսվարողները:
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում նրանցից մի քանիսը նշել են, որ իրենք ապրանքը տարբեր երկրներից են ներկրում, բնականաբար, մաքսազերծումն էլ տարբեր գներով է իրականացվում: Մինչդեռ «Քարֆուր»-ը ներմուծում է միայն Ֆրանսիայից, և քանի որ մի բարձրաստիճան պաշտոնյայի անուն է շրջանառվում՝ իբրև հիպերմարկետի հայաստանյան ներկայացուցիչ, ուստի ավելի հեշտ է մաքսազերծում իրականացվում: Տեղացի գործարարները մտավախություն ունեն, որ դրա արդյունքում ավելի կթուլանա առանց այն էլ սակավ առևտուրը, իսկ իրացման ծավալներն էլ ավելի կնվազեն: