Պուտինը պատմել է, թե ինչպես են ահաբեկիչները Ադրբեջանում շփվել ամերիկյան հատուկ ծառայությունների հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե ինչպես ռուսական հատուկ ծառայություններն արձանագրել են ուղիղ շփումներ Հյուսիսային Կովկասի ահաբեկիչների և ամերիկյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչների միջև։
«Գազետա.ռու» կայքի տեղեկացմամբ, այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախօրեին «Ռոսիա 1» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակված «Նախագահը» վավերագրական ֆիլմի համար ձայնագրված հարցազրույցում։
«Մի անգամ մեր հատուկ ծառայությունները նույնիսկ արձանագրեցին Հյուսիսային կովկասի ահաբեկիչների և ամերիկյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչների միջև Ադրբեջանում ուղիղ շփումներ։ Այնտեղ նույնիսկ օգնում էին տրանսպորտի հարցում», - ասել է Վլադիմիր Պուտինը։
ՌԴ նախագահը պատմել է, թե այդ մասին ինքը տեղեկացրել է ԱՄՆ այնժամ նախագահ Ջորջ Բուշին, ով խոստացել է պատժել նրանց։
«Տասը օր անց իմ ենթակաները, Դաշնային անվտանգության ծառայության ղեկավարները Վաշինգտոնի իրենց գործընկերներից նամակ են ստանում հետևյալ բովանդակությամբ` մենք պահպանել և պահպանելու ենք կապեր Ռուսաստանին դեմ բոլոր ընդդիմադիր ուժերի հետ։ Կարծում ենք, որ իրավունք ունենք այդ կերպ գործելու և շարունակելու ենք ապագայում ևս», - ասել է Պուտինը։