Յուվեցի Կարոյի սպանությունը նախապատրաստելու կասկածանքով Գոհար Ենոքյանը ձերբակալվել է
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ենոքյանը այսօր կանչվել է հարցաքննության, որից անմիջապես հետո սպանության նախապատրաստման կասկածանքով ձերբակալվել է: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը:
Գոհար Ենոքյանը, մեր տեղեկություններով, կասկածվում է Կարո Կարապետյանի սպանությունը նախապատրաստելու մեջ:
«Բայց նման բան չկա, դա շինծու գործ է»,-կարծիք հայտնեց փաստաբանը:
Այս քրեական գործը Հատուկ քննչական ծառայության վարույթում է:
Նշենք, որ Կարո Կարապետյանը, որը հայտնի է Յուվեցի Կարո անունով, ԱԺ պատգամավոր է: Նախկինում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և խորհրարանական համանուն խմբակցության անդամ էր, սակայն Գագիկ Ծառուկյանի՝ ԲՀԿ-ից հեռանալուց հետո դուրս եկավ և կուսակցությունից, և խմբակցությունից:
Փաստաբանի տեղեկացմամբ, Գոհար Ենոքյանը մինչև այսօր որևէ հարցաքննության չի կանչվել, նրան գործի վերաբերյալ ոչինչ չեն տեղեկացրել, բայց այսօր կանչվել է հարցաքննության, որից անմիջապես հետո ձերբակալվել է:
«Սա զուտ այլ շարժառիթներով է արվում Գոհար Ենոքյանի դեմ, ոչ մի հիմքեր չկան նրա դեմ քրեական գործ հարուցելու», -պնդեց փաստաբանը:
168.am-ի փոխանցմամբ, ձերբակալվածների պահման վայում գտնվող Ենոքյանին այցելել է ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Վերջինը տեսակցությունից դուրս գալուց հետո լրագրողներին հայտնել է, որ Գոհար Ենոքյանը բավական բարձր ճնշում ուներ, գտնվում էր բժիշկների հսկողության տակ:
«Հիմա ավելին չեմ կարող ասել, զրուցել եմ տիկին Ենոքյանի հետ, բայց այս պահին ես իրավասու չեմ և լիազոր չեմ տիկին Ենոքյանի կողմից ավելին ասելու: Ինձ համար շատ կարևոր էր, որ իր առողջական վիճակը լինի կայուն, որովհետև ունի շատ բարձր ճնշում, բացի այդ, նա ունի առողջական շատ լուրջ այլ խնդիր ևս, և ես խնդրեցի սանաշխատողներին, որպեսզի առողջական խնդիրը պահեն ուշադրության կենտրոնում», - փոխանցել է Զոհրաբյանը: